13/05/2016 12:41
Վարչապետ. 2016-ի առաջին եռամսյակում տնտեսական ակտիվությունն աճել է 5,6%
Չնայած տարածաշրջանային ցնցումներն իրենց ազդեցությունն են ունեցել Հայաստանի տնտեսական զարգացման տեմպերի վրա, այնուամենայնիվ, կառավարությանը հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունություն և բավական ցածր գնաճային միջավայր, ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանի գծով գործադիր տնօրեն Մեննո Սնելիի հետ հանդիպման ժամանակ:
Հ.Աբրահամյանի խոսքով, դա բազմաթիվ սոցիալական խնդիրների լուծման հնարավորություն է ընձեռել: Ըստ վարչապետի, նույնիսկ ոչ բարենպաստ միտումների համատեքստում նախորդ տարի Հայաստանի ՀՆԱ-ն իրական արտահայտությամբ աճել է 3%. իսկ այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 5,6%:
Ինչպես հայտնում են կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, իր հերթին, ԱՄՀ Հայաստանի գծով գործադիր տնօրենը գոհունակություն է հայտնել համատեղ իրականացվող ծրագրերի կատարման ընթացքից և կարևորել կենսաթոշակային բարեփոխումների հետևողական իրականացումն ու Հարկային նոր օրենսգրքի ընդունումը:
Մեննո Սնելն արդյունավետ է գնահատել նաև Հայաստանում իրականացվող դրամավարկային քաղաքականությունը, որը նպաստում է մակրոտնտեսական կայունության ապահովմանն ու տնտեսության զարգացմանը:
Վարչապետը նաև ընդգծել է, որ կառավարությունը հետևողական է «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» շրջանակներում ստանձնած հանձնառությունների կատարմանը, այդ թվում՝ կառուցվածքային բարեփոխումների առումով: