13/05/2016 17:42
Համազգային թատրոնից գողացված գումարն անհետացել է. գեղարվեստական ղեկավարը մանրամասներ է ներկայացնում գործի ընթացքից
2016 թվականի ապրիլի 23-ի լուսաբացին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնից գողություն էր կատարվել: Aysor.am-ի հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար Վարդան Մկրտչյանը հայտնել էր, որ առևանգված գումարը հավաքվել էր թատրոնի շենքի կառուցման նպատակով՝ հանդիսատեսի կողմից: Գումարի հետ մեկտեղ գողացվել էին նաև փոխտնօրենի երկու համակարգիչները և այլ իրեր, շատ ապրանքներ էլ ջարդուփշուր էին արվել՝ մեծ վնաս հասցնելով թատրոնին:
Գողության դեպքը բացահայտվեց ապրիլի 29-ին: ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ հանցանքը կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկվել 21-ամյա Գոռ Մ.-ն, 22-ամյա Հայկ Ս.-ն և 21-ամյա Բաբկեն Շ.-ն:
Հետամուտ լինելով դեպքի զարգացմանը՝ այսօր կրկին կապ հաստատեցինք թատրոնի գեղարվեստական ղեկավարի հետ:
«Հանցագործություն կատարածներից երկուսը Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ներկա ուսանողներ են, մեկը՝ ինստիտուտից դուրս մնացած ուսանող: Ճիշտ է, նրանց հետ ծանոթություն, անձնական շփում չեմ ունեցել, բայց երկուսին դեմքով հիշեցի, ճանաչեցի: Գործն այժմ նախաքննական փուլում է: Ինձ համար մի քիչ տարօրինակ է, որ դեռևս այլ նորություններ չկան, լռություն է», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց նա:
Վ.Մկրտչյանը նշեց, որ գողոնից առգրավված են համակարգիչները և ևս մեկ-երկու տեխնիկական իրեր: Սակայն գումարի մասին որևէ խոսք չկա:
«Այդ ապրանքները դեռ մեզ չեն հասել, փորձաքննություն է ընթանում: Սակայն ամենակարևորը գումարն է, որն, ինձ հասած տեղեկություններով, չի գտնվել: Հանցագործություն կատարողները չեն խոսում այն մասին, թե ինչ են արել գումարի հետ: Բայց այդ չափսի գումարը, բոլորս էլ հասկանում ենք՝ անհնար էր ծախսել մի քանի օրվա մեջ: Թատրոնին հասցված վնասների փոխհատուցման մասին ևս ոչ մի խոսք չկա», - անհանգստացավ նա:
Թատրոնին հասցված վնասի ընդհանուր չափսը կազմում է 3 միլիոն դրամից ավել, որից գրեթե 2,5 միլիոնը՝ գումարային տեսքով:
Մեր այն հարցին, թե արդյոք սեփական նախաձեռնությամբ կամ ոստիկանության առաջարկով Վ.Մկրտչյանը չի փորձել հանդիպել ու զրուցել հանցագործության մեջ մեղադրվողների հետ՝ հասկանալու, թե ինչն է դարձել ապագա արվեստագետների՝ նման արաքի պատճառը՝ պատասխանեց. «Ոչ, չեմ հանդիպել: Ճիշտն ասած՝ այս արարքի պատճառը որևէ կերպ չեմ կարողանում բացատրել, ու դժվար էլ գտնվի որևէ մեկը, ով կկարողանա բացատրել: Անկախ սոցիալական վիճակից, խնդրից՝ արվեստ ուսանող մարդն ի զորու չէ նման քայլի գնալ: Հասկանում եք, ախր նա արվեստ է սովորում: Շատ արվեստագետներ, մեծություններ դժվար կյանքի միջով են անցնում, սոցիալական դժվարություններ հաղթահարում: Այնպես որ, եթե նույնիս այս տղաների կյանքում ինչ-ինչ սոցիալական խնդիրներ կան, միևնույն է, ինձ համար նորմալ չէ, որ կարող են գնալ նման քայլի: Ամեն դեպքում, ես մանրամասներին դեռ չեմ տիրապետում»:
Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի ակնկալիքը մեկն է՝ թատրոնի կրած վնասի փոխհատուցում: «Մնացածը համապատասխան մարմինների որոշելիքն է: Համենայնդեպս, ես չարացած չեմ, սահմանից այս կողմ՝ մեր երկրի տարածության մեջ թշնամիներ չունեմ: Միայն ակնկալում եմ, որ իմ թատրոնը շարունակի նորմալ գործել: Ճիշտ է, սա շատ տհաճ հարված էր մեզ, բայց, ինչ արած, պետք է դիմանանք», - եզրափակեց Վարդան Մկրտչյանը: