13/05/2016 14:57
Անշուշտ, այս տարի հնարավորությունը շատ լավ օգտագործեցինք. Մարտին Վարդազարյանը՝ «Եվրատեսիլի» մասին
Արդեն 10 տարի Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլ» միջազգային մրցույթին: Մեր մասնակիցներին միշտ ուղեկցել ենք գովաբանական և քննադատական խոսքերի հարուստ պաշարով: Սակայն, ի տարբերություն նախորդ տարիների, «Եվրատեսիլ-2016»-ի հայ մասնակից գերմանաբնակ Իվետա Մուկուչյանը քննադատական խոսքերից զերծ մնաց գոնե վոկալի առումով:
«Մայիսի 10-ին լսեցի մեր կատարումը, կեցցե աղջիկը, շատ լավ ներկայացրեց: Երգը ճիշտ մատուցվեց, կատարողականությունը լավն էր, բեմական, դերասանական կեցվածքը լավն էր: Գոհ եմ մեր մասնակցից և ուրախ եմ այս ընտրության համար»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը:
Մայիսի 10-ի եվրատեսիլյան կիսաեզրափակիչը աղմկոտ էր և այդ աղմուկի գլխավոր պատճառը հայ ներկայացուցչի համարձակ քայլն էր: Իր ելույթից հետո կանաչ սենյակում Ի. Մուկուչյանը ծածանեց արցախյան դրոշը, որը եվրոպական հեռարձակողների դժգոհությունն առաջացրեց: Հայաստանի պատվիրակության դեմ պատժամիջոցների կիրառման հարցում քննարկվում էր մինչև իսկ մեր երկրի՝ եզրափակչին մասնակցելու հարցը:
«Նա հերոսական քայլ արեց՝ բարձրացնելով Լեռնային Ղարաբաղի դրոշը, որն, ինչ-որ տեղ, կանոնների խախտում է համարվում, թեև հետո ասուլիսի ընթացքում իր քայլին հրաշալի, հիշարժան բացատրություն տվեց: Ես այս քայլն ընդունում եմ որպես հնարավորություն՝ աշխարհին հիշեցնելու այս հարցի մասին, հետաքրքրություն առաջացնելու խնդրի շուրջ: Այդ մենք ենք կարծում, թե աշխարհն ամեն ինչ գիտի, բայց հավատացեք, ոչ-ոք լիարժեք տեղեկություններ չունի: Ինչ վերաբերում է պատժամիջոցների կիրառմանը, չեմ կարծում, որ նման բան լինի: Հակառակ դեպքում նույնը պետք է արվի նաև Ուկրաինան ներկայացնող երգչուհու նկատմամբ, այլապես անարդար կլինի»,-ընդգծեց կոմպոզիտորը:
«Եվրատեսիլը» քաղաքական ենթատեքստով շոու է, և դա զգացվել է նրա ծնունդից՝ 1956 թվականից սկսված:
«Արդեն վաղուց հասկանալի է, որ Եվրատեսիլում ոչ մի նշանակություն չունի ոչ երգը, բովանդակությունն ու գործիքավորումը, ոչ կատարողը: Մարդիկ հետագայում նույնիսկ չեն հիշում այդ մրցույթի երգերը: Միայն մի քանի բացառություններ կային՝ «ԱԲԲԱ» խումբը, շվեդուհի մի երգչուհի… Այնպես որ, սա վերջ ի վերջո զուտ շոու է, որը քաղաքական աստառ ու երանգ ունի: Այնպես որ, օգտագործենք այն որպես հնարավորություն՝ աշխարհին ևս մեկ անգամ հիշեցնելու, որ մենք կանք ու կլինենք: Անշուշտ, այս տարի այդ հնարավորությունը շատ լավ օգտագործեցինք»,-մեզ հետ զրույցը եզրափակեց ժողովրդական արտիստը: