14/05/2016 14:43
Դավիթ Բաբայան. Շփման գծում մոնիտորինգի համար պետք է գործադրվեն արբանյակներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ Վիեննայում սպասվող հանդիպումներով կմեկնարկի ԼՂՀ հարցում վստահության մեխանիզմերի ձևավորումը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Ապրիլյան չորսօրյա պատերազմից հետո վստահության մեխանիզմերի ձևավորման հարցից բացի, ուրիշ այլ հարց դժվար է պատկերացնել, որ այդ օրը կքննարկվի: Միայն խաղաղության և կայունության հարցը լուծելուց հետո, հնարավոր կլինի հետագա քայլերի մասին մտածել», - ասաց Դ.Բաբայանը:
Նրա խոսքով, այս համատեքստում անհրաժեշտ է, որ քննարկվեն կոնկրետ մեխանիզմերի ստեղծում, որոնք պետք է ճշգրտորեն ֆիքսեն զինադադարի ռեժիմի խախտումների վայրը, ժամանակը և թե ում կողմից է հրադադարը խախտվել:
«Դա կարելի է իրականացնել համապատասխան սարքավորումների միջոցով, օրինակ օգտագործել արբանյակներ շփման գծում մոնիտորինգ իրականացնելու համար», - ասաց Դ.Բաբայանը:
Հարցին, թե հնարավոր է մայիսի 16-ին շփման գծում վստահության մեխանիզմների ներդրման ճանապարհային քարտեզ ներկայացվի, Արցախի նախագահի մամուլի խոսնակը պատասխանեց. «Չեմ կարծում որ այդ օրը դա լինի, բայց միգուցե մեկնարկ լինի այդ քննարկումներին: Այդուհանդերձ դա պետք է անեն ոչ միայն նախագահների մակարդակով, այլ նաև փորձագետների, բանակի, այսինքն՝ ավելի լայն շրջանակ պետք է ներգրավվի»:
Մոսկվան եւ Վաշինգտոնը հայտարարել են, որ մայիսի 16-ին ԼՂՀ-ի հակամարտությանը նվիրված հանդիպմանը ներկա են լինելու ԵԱՀԿ համանախագահող երկրների արտգործնախարարները:
Այս պաշտոնյաների ներկայությունը, Դ.Բաբայանի խոսքով, լուրջ ազդեցություն կունենա բանակցային գործընթացի վրա:
«Ակնհայտ է, որ եթե լայնածավալ և երկարատև պատերազմ լինի, դա չի լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ոչ ոք չի ուզում Ալիևի և նրա նեղ անձնական շահերի համար հայտնվել նման ծայրագույն իրավիճակում: Ուստի մեծ է հավանականությունը, որ այդ պաշտոնյաները կկարողանան ճնշում գործադրել Ադրբեջանի վրա», - ասաց նա:
Վերջինս դժվարացավ պատասխանել հարցին, թե մայիսի 16-ին անուամենայնիվ Սարգսյան-Ալիև հանդիպում կլինի թե ոչ: «Եկեք սպասենք և կտեսնենք, վաղ թե ուշ, միևնույնն է, այդ հանդիպումը լինելու է», - ասաց Դ.Բաբայանը: