14/05/2016 14:53
Սարգսյան-Ալիև հանդիպումները ոչ մի հարցի լուծում չեն տվել. Հարցազրույց Հայկ Խանումյանի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ: Ավելի վաղ համանախագահ երկրների ներկայացուցիչները չեն բացառել, որ Վիենայում կարող են հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահները:
Aysor.am-ի զրուցակիցն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր, «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը: Պատգամավորի հետ խոսել ենք նախագահ Սարգսյանի Վիեննա կատարելիք այցից, դրան հաջորդող հնարավոր զարգացումներից:
- Պարոն Խանումյան, արդեն պաշտոնապես հաստատվել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Վիեննա և աշխատանքային հանդիպումներ կունենա: Ի՞նչ եք կարծում, այդ շարքի մեջ կմտնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը:
- Չեմ փորձի գուշակություններ անել։
- Այնուամենայնիվ, եթե այդ հանդիպումը կայանա, ի՞նչ կարելի է ակնկալել դրանից: Արդյո՞ք կբավարարվեն Հայաստանի կողմից առաջ քաշված պահանջները:
- Սարգսյան-Ալիև հանդիպումից ինչ-որ բան ակնկալելը չափազանցված լավատեսության ոլորտից է։ Ավելին, նման հանդիպումն ավելի կնվազեցնի Սարգսյանի հեղինակությունը թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին աշխարհում, քանզի ակնհայտ է, որ բանակցությունների վերսկսման համար Սարգսյանի դրած նախապայմանները չեն կատարվել։
- Արդեն մեկ անգամ չէ, որ Հայաստանը պնդում է բանակցային սեղանի շուրջ Արցախին վերադարձնելու մասին: Ձեր կարծիքով՝ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահությունը կբավարարի՞ այդ պահանաջը:
- Արցախի մասնակցությամբ բանակցությունների համար ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումը քիչ է։ Այդուամենայնիվ, պետք է զգալի աշխատանք կատարել միջազգային ասպարեզում, այդ թվում նաև համանախագահների հետ՝ կարգավորման շուրջ մեզ ձեռնտու նոր առաջարկներ ստանալու համար։
- Իսկ եթե հանդիպումը չկանայանա, ի՞նչ հնարավոր զարգացումներ եք կանխատեսում:
- Ճիշտն ասած, ես այդ հանդիպումով չեմ ապրում ու ինձ քիչ հետաքրքիր է՝ Սարգսյան-Ալիև հանդիպումներն ամբողջությամբ վերցրած։ Այդ հանդիպումները ոչ մի հարցի լուծում չեն տվել, ավելին, այդ հանդիպումներին հաջորդել են իրավիճակի նոր սրացումներ։
- Հայաստանը ներկայացրել է նաև մի քանի այլ պահանջներ, այդ թվում՝ 1994 թվականի զինադադարի պայմանագրին վերադառնալու և միջադեպերի հետաքննություն մեխանիզմների կիրառման վերաբերյալ, որոնք, սակայն, Ադրբեջանը միշտ մերժել է: Ձեր կարծիքով՝ Ադրբեջանն այս անգամ այդ պահանջները կընդունի՞, թե՞ կշարունակի իր նախահարձակ գործողություններն ու բանակցային գործընթացի տապալման շուրջ վարվող քաղաքականությունը:
- Ինչու՞ պետք է Ադրբեջանն այդ առաջարկներն ընդունի։ Ադրբեջանը հստակ քաղաքականություն է վարում հայկական պետությունները հյուծելու, արյունաքամ անելու, հայությանը խոցելու տեսանկյունից։ Հայաստանի ներսում թշնամին իր գործընկերներն ունի, ովքեր մենաշնորհների, անարդյունավետ կառավարման, կոռուպցիայի միջոցով օժանդակում են Ադրբեջանի այս քաղաքականությանը։
- Պարոն Խանումյան, ԼՂՀ Սահմանադրության 142 հոդվածն ասում է, որ մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավազորության ներքո: Ի՞նչ է սա նշանակում: Ի՞նչ պայմաններում է հնարավոր ԼՂՀ ԶՈՒ դուրսբերումը այս շրջաններից, եթե ընդհանրապես հնարավոր է: Եվ վերջապես՝ եթե հնարավոր է, ապա դուրսբերումից հետո ո՞ւմ է անցնելու այս շրջանները՝ Ադրբեջանի՞ն, թե՞ խաղաղապահներին:
- Այդ մասին մենք բազմիցս և միանշանակ արտահայտվել ենք։ Մենք բացառում ենք Արցախի որևէ տարածքի հանձնումը թշնամուն կամ որևէ խաղաղապահի տեղակայումն Արցախի տարածքում։