14/05/2016 10:11
Ադրբեջանցիները Ուկրաինայում ներխուժել են ռինգ և փորձել հաշվեհարդար տեսնել մենամարտը հաղթող արցախցի մարզիկի հետ (Տեսանյութեր)
Ուկրաինայի Լվով քաղաքում մայիսի 12-15-ն ընթացող Եվրոպայի Քունկ ֆուի առաջնության ժամանակ աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել:
Առաջնությանը մասնակցում են նաև Հայաստանի և Ադրբեջանի Քունկ Ֆուի ֆեդերացիաների հավաքականները:
Միջադեպի մասին Aysor.am-ի թղթակցին մանրամասներ է պատմել Քունկ ֆուի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Հարությունյանը:
Նրա խոսքով, հայ մարզիկներից Աշոտ Հարությունյանը մենամարտել է ադրբեջանցի մարզիկի հետ ու պարտության մատնել նրան:
Մեկ այլ մենամարտում ևս մրցակիցները եղել են հայ և ադրբեջանցի մարզիկները:
Այս մրցապայքարի վերջում ևս երբ ակնհայտ էր արցախցի մարզիկ Դավիթ Պետրոսյանի հաղթանակը, Ադրբեջանի թիմի մարտավկան փորձում է հարվածել հայ մարզիկին:
Սադրանքին միանում է նաև ադրբեջանցի մարզիկը, որը ռինգի մեջ թիկունքից հարվածում է Դավիթ Պետրոսյանին:
«Այնուհետև ադրբեջանական թիմի մարզիչներն ու մարզիկները` մոտ 30-ից ավելին մեծահասակ, մահակներով հարձակվում են մեր հավաքականի 11` որից 7 անչափահաս, անդամաների վրա: Եվ այստեղ ել նույնիսկ 12-ամյա հայ մարզիկը այնպես էր կռիվ տալիս իրենից 3-4 անգամ մեց ազերիների հետ, կարցես իրենց հասակակիցը լիներ և մի բան ել ավելին», - ասաց Քունկ ֆուի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Հարությունյանը:
Նրա խոսքով, տպավորություն էր, թե նախապես ծրագրված է եղել այդ սադրանքը ու դրա համար են ազերիներն իրենց հետ դահլիճ բերել մահակներ:
«Հիստերիայի մատնված ադրբեջանցիները նույնիսկ հարվածել են Եվրոպայի Քունկ Ֆուի ֆեդերացիայի նախագահ Նիկոլայ Մատուլյովսկուն, ով փորձել է մարմնով փակել արցախցի 12-ամյա մարզիկին», - նշեց Ս.Հարությունյանը:
Ստեղծված իրարանցմանն ու ծեծկռտուքին միջամտել են անվտանգության աշխատակիցները: Նման անվայել պահվածքի համար ադրբեջանական թիմը նկատողություն է ստացել ու որակազրկվել:
Արցախցի մարզիկը ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական 5 տանկ և 1 ՀՄՄ խոցած ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանի ավագ եղբայրն է:
Ի դեպ, բոլոր 9 հայ մարզիկները նվաճել են եզրափակչի ուղեգիրներ: