14/05/2016 16:21
Անձնական հարաբերություններում խնդիրներ չենք ունեցել. Արամ MP3-ը՝ մենահամերգի և Վահագն Գրիգորյանի հետ համագործակցության մասին
Կանանց և աղջիկների մեկամսյակի շրջանակներում ապրիլի 7-ին նախատեսված, այնուհետև քառօրյա պատերազմի հետևանքով հետաձգված երգիչ Արամ Mp3-ի մենահամերգը կկայանա այսօր: Ժամը 20:00-ին Մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում կկայանա «Համերգ բոլորի համար» խորագրով երաժշտական երեկոն:
«Տրամադրությունն ուղղակի հիանալի է, երեկ վերջին փորձերն արեցինք, այժմ տեխնիկական վերջնական շտկումներով ենք զբաղված: Այս հանդիպման ոչ միայն խորագիրը, այլև՝ նպատակն է փոխվել: Իհարկե, կանանց կանդրադառնանք, բայց համերգն այլևս կանանց նվիրված չի լինի»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց երգիչ-երգահան, հումորիստ Արամ MP3-ը:
Երբ բեմում արտիստ է, անակնկալներն անխուսափելի են: «Բազում գեղեցիկ անակնկալներ ենք պատրաստել, նոր երգեր, զուգերգեր են հնչելու, բայց փակագծերն առավել բացել չեմ կարող»,-խոստովանեց նա:
Համերգի ընթացքում իր անբաժան կիթառով բեմում է լինելու նաև Գարիկ Պապոյանը: Ի դեպ, ակնառու անակնկալ է նախկին թիմակիցներ Արամ MP3-ի և Վահագն Գրիգորյանի համագործակցությունը: Չէ՞ որ ժամանակին հաճախ էր խոսվում «32 ատամ» ակումբի մասնատման և «Վիտամին» ակումբի ստեղծման մասին: «Անձնական հարաբերությունների մեջ մենք խնդիրներ երբեք չենք ունեցել: Վահագնը համերգի գեղարվեստական ղեկավարն է և ռեժիսորը: Այնպես որ՝ ամեն ինչ հրաշալի է»,-ընդգծեց երգիչը:
Գրեթե երկու ժամ տևող մենահամերգը հանդիսատեսին այնքան էլ հեշտությամբ դահլիճից դուրս չի թողնի: «Քանի որ իմ համերգն ու Եվրատեսիլը նույն օրն է՝ ժամերի տարբերությամբ, որոշեցինք դահլիճում մեծ էկրան տեղադրել և բոլոր ցանկացողներով միասին հետևել «Եվրատեսիլ-2016»-ին: Հուսով եմ՝ լավ տեղ կզբաղեցնենք և կրկնապատկված բարձր տրամադրությամբ բոլորս տուն կգնանք»,-հայտնեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ Արամ MP 3-ի համերգից ստացված ողջ հասույթը ուղղվելու է Արցախի Պաշտպանության բանակին: