14/05/2016 16:49
Կարեն Բեքարյան. Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման որոշումը կկայացվի Վիեննայում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման որոշումը կընդունվի Վիեննայում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը:
«Այդ հարցը կորոշվի հենց տեղում: Դեռևս ունենք նախագահի մեկնման փաստը», - ասաց Կ.Բեքարյանը:
Նրա խոսքով, կողմերից յուրաքանչյուրը նախ կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների հետ՝ թե′ համանախագահների, թե′ արտգործնախարարների ձևաչափով:
«Հետո արդեն տեղում կերևա՝ դա ինչի է հասցվում, ու հասցվու՞մ է արդյոք Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման», - ասաց Կ.Բեքարյանը:
Նա ընդգծեց, որ ամեն ինչ պարզ կլինի, երբ մայիսի 16-ին Վիեննայում կսկսվի աշխատանքային գործընթացը:
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ:
Ավելի վաղ համանախագահ երկրների ներկայացուցիչները չեն բացառել, որ Վիենայում կարող են հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: