14/05/2016 12:51
Սարգսյան-Ալիև հանդիպում կլինի, եթե Ադրբեջանն ընդունի Երևանի առաջ քաշած նախապայմանները
Մայիսի 16-ին Վիեննայում Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիևը կհանդիպեն, եթե Ադրբեջանը ընդունի բանակցությունները վերսկսելու վերաբերյալ պաշտոնական Երևանի առաջ քաշած նախապայմնները, Aysor.am-ի հետ զրույցում ասաց քաղքագետ Մանվել Սարգսյանը:
«Քանի դեռ պարզ չի բանակցությունները վերսկսելու համար Հայաստանի առաջ քաշած նախապայմնները որևէ մեկը ընդունել է, թե ոչ, դժվար է ասել, թե այդ օրը ինչ կլինի: Այսօրվա անորոշությունը թույլ է տալիս գուշակություններ անել, ինչը այս պարագայում ընդունելի չէ: Ամեն ինչ քիչ թե շատ պարզ կդառնա երկուշաբթի օրը՝ մայիսի 16-ին», - ասաց քաղաքագետը:
Սերժ Սարգսյանը ապրիլյան պատերազմից հետո խաղաղ բանակցային գործընթացին վերադառնալու համար նախապայմաններ էր առաջ քաշել: Դրանցից մեկը Մինսկի խմբի կողմից Ադրբեջանի գործողությունները դատապարտող հասցեական հայտարարությունն էր: Մյուսը` շփման գծում վստահության ամրապնդման մեխանիզմների ներդրումն էր, որպես երաշխիք, որ Ադրբեջանը չի խախտի հրադադարի ռեժիմը:
Վիեննայում ծրագրվող հանդիպումը, ըստ որոշ մեկնաբանությունների, հենց սրան պետք է նվիրված լինի:
Խոսվում է նաև վստահության մեխանիզմներ նախանշող փաստաթղթի ստորագրման մասին:
Անդրադառնալով սրան՝ քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանը առհասարակ ցանկություն չի ցուցաբերել վստահության մթնոլորտ ձևավորելու համար, ուստի դա այդքան էլ իրատեսական չի թվում:
«Այդուհանդերձ Հայաստանին պետք է միայն հետաքրքրի իր կողմից առաջ քաշած նախապայմանների ընդունումը, հակառակ պարագայում կստացվի, որ հետ է կանգնում իր հայտարարություններից», - ասաց քաղաքագետ Մանվել Սարգսյանը:
Պաշտոնական Երևանը հայտնել է, որ Սերժ Սարգսյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Վիեննա, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ: Հայտարարության մեջ նշված չի օրակարգային թեմաների եւ հանդիպումների մասին:
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը Ալիևի այցի մասին դեռ տեղեկույթուն չի հրապարակել: