14/05/2016 14:15
Մայիլյան. Չեմ կարծում՝ Վիեննայում կքննարկվի սահմանային միջադեպերի քննության փաստաթուղթ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպմանը Վիեննայում սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը քիչ հավանական է, Aysor.am-ի թղթակցին ասաց ԼՂՀ Հանրային խորհրդի արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Մասիս Մայիլյանը:
«Եթե մայիսի 16-ին տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում, ամեն դեպքում չեմ կարծում, որ դրա ժամանակ որևէ փաստաթուղթ առաջ քաշվի: Ինչ վերաբերում է համանախագահող երկների արտգործնախարարների մասնակցությանը՝ դա բնական է, որովհետև իրավիճակն աննախադեպ է ու իրենք այդ մասնակցությամբ փորձում են թուլացնել լարվածությունը», - ասաց Մ.Մայիլյանը:
Ըստ նրա, դեռևս խոսք չի կարող լինել հակամարտության կարգավորման մասին, քանի որ այժմ առաջնային խնդիրը կայունության պահպանումն ու պատերազմական գործողությունների չվերսկսվելն է: