14/05/2016 14:10
Նադեժդա Սարգսյանը՝ «Եվրատեսիլ-2016»-ի մասին
Մայիսի 14-ին տեղի կունենա «Եվրատեսիլ-2016» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որտեղ հանդես է գալու նաև Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը: Հայ երգչուհին այս տարի փայլեց այն աստիճան, որ վերջին 10 տարիների մեր մասնակիցների հետ համեմատ՝ քննադատության եթե ոչ իսպառ բացակայում, ապա կտրուկ նվազում հաստատ գրանցվեց:
«Ե՛վ վոկալ տվյալներով, և՛ արտաքին տեսքով շատ լավ մասնակից է ընտրված, նույնը կասեմ նաև բեմական հագուստի և շոուի մասին: Անկեղծ ասած՝ չէի էլ կասկածում, որովհետև Հանրային հեռուստաընկերության խմբին շատ լավ ճանաչում եմ, գիտեմ, թե ովքեր են աշխատում: Վստահում եմ նրանց ընտրությանն ու ճաշակին»,-Aysor.am-ի հետ զրույցում նկատեց երգչուհի, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը:
Հայաստանն այս տարի առանձնացավ ոչ միայն լավ ելույթով, այլև՝ քաղաքական ակնարկով. կիսաեզրափակչում Իվետա Մուկուչյանի ծածանած արցախյան դրոշն այսօր Եվրոպայում ամենաքննարկվողներից է: Ամենայն հավանականությամբ, եզրափակիչը էկրանների մոտ լարված սպասումով է պահելու ինչպես երաժշտասեր, այնպես էլ՝ քաղաքականացված հասարակությանը: «Չեմ կարծում, որ Իվետայի այս քայլով մենք առավել մոտենում կամ հեռանում ենք հաղթանակից: Մեր խնդիրն այն է, որ ամբողջ աշխարհի մոտ կարողանանք բարձրաձայնել մեր ունեցած խնդրի մասին, ինչն էլ համարձակորեն արվեց: Շատ ուրախ եմ դրա համար ու կարող եմ ասել՝ հրաշալի բան եք արել»,-նշեց երգչուհին:
Հայաստանում արդեն 2017-ին սպասվող տրամադրությունները եվրատեսիլյան են. շատերը հավատում են, որ գալիք տարվա Եվրատեսիլի պատվիրակներին Երևանն է ընդունելու: «Մեզ համար ամենակարևորը լավ ելույթն էր: Մեր պատվիրակության քայլը՝ ծածանել Արցախի դրոշը, ամենագլխավորն էր: Ինչ վերաբերում է՝ որ տեղում կհայտնվենք հարցին, ապա բոլորն էլ գիտեն այս մրցույթի քաղաքականացված կողմը: Թեև, չեմ կարծում, որ վատ տեղ կզբաղեցնենք, նույնիսկ վստահ եմ, որ պետք է լավագույն տեղերից մեկում լինենք, քանի որ, նորից եմ կրկնում, երգչուհին շատ լավ կատարեց իր առաջադրանքը: Լավ երգ ու կատարում ունենք: Այնպես որ, այս անգամ նույնիսկ քաղաքականությունը պետք է դիրքերը զիջի»,- ասաց նա:
Վերջին օրերին Հայաստանում քննարկվում էր նաև Եվրատեսիլ 2016-ի հայկական ժյուրիի կազմը, որում ընդգրկված են երգիչներ Հայկոն և Էրիկը, պրոդյուսեր Նաիրա Գյուրջինյանը, DJ Dale-ն (Վարդան Բաբայան) և հագուստի մոդելավորող Արևիկ Սիմոնյանը։
Քննարկման հիմնական թեման ժյուրիի անդամներից որևէ մեկի անգլերենին չտիրապետելն էր, ինչը հարց էր առաջացրել՝ ինչպե՞ս պետք է գնահատեն երգերի խոսքերը: «Ես չեմ կարծում, որ ժյուրիի անդամները տեղյակ չեն երգերի բովանդակությանը: Նրանք նախապես ծանոթանում են երգերին ամբողջովին՝ և՛ բառերին, և՛ երաժշտությանը: Այնպես որ՝ անգլերենին չտիրապետելը չի կարող խանգարել նրանց օբյեկտիվ գնահատմանը, դա թյուր կարծիք է: Ի վերջո, բոլորի կողքին էլ կան թարգմանիչներ»,-ընդգծեց մեր զրուցակիցը:
Քանի որ Հայաստանի քաղաքացիներն իրավունք չունեն քվեարկել հայ մասնակցի օգտին, Նադեժդա Սարգսյանն արդեն ունի «Եվրատեսիլ-2016»-ի իր ֆավորիտները: «Ինձ համար թեև ոչ այնքան լավ երգ, բայց՝ լավագույն շոու էր Ռուսաստանի ելույթը, Հունգարիան էր լավը, Ուկրաինան, Մալթան… Բայց չեմ կարող հստակ նշել, թե ում կտամ իմ ձայնը, քանի որ այսօր նոր երկրներ են ավելանալու, որոնց կատարումներին ծանոթ չեմ»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց ՀՀ Մշակույթի վաստակավոր արտիստը: