14/05/2016 10:42
Ջոն Քերին կմասնակցի Վիեննայում ԼՂՀ հակամարտության հարցով համաժողովի
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ժողովին մասնակցելու համար ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մայիսի16-17-ը կմեկնի Վիեննա, հաղորդում է պետքարտուղարության պաշտոնական կայքէջը
«Պետքարտուղար Ջոն Քերին մայիսի 14-26-ը պաշտոնական այցեր կկատարի Ավստրիա, Բելգիա, Բիրմա, Վիետնամ, Սաուդյան Արաբիա` քննարկելու մի շարք տարածաշրջանային հարցեր: Մասնավորապես Քերին մայիսի 16-17-ը կմեկնի Վիեննա, որտեղ Ռուսաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ կհյուրընկալվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված համաժողովին», - տեղեկացնում է պետդեպի կայքը:
Նշվում է նաև, որ ԱՄՆ պետքարտուղարը նախարարական մակարդակով հանդիպում կանցկացնի նաև Սիրիայի աջակցության միջազգային խմբի հետ` քննարկելով երկրում մարդասիրական օգնության տրամադրման ապահովման խնդիրն ու Սիրիայում քաղաքական անցման բանակցային գործընթացի արագացման հարցը:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել՝ տեղեկացնելով, որ մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագհների հանդիպում են կազմակերպում:
Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունը այսօր՝ մայիսի 14-ին, հայտնել է, որ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի16-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն՝ Վիեննա, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ: