14/05/2016 17:04
Ուզում եմ ասել՝ տղաներ ջան, դիմացեք. Վիկ Դարչինյանը Հայաստանում է, պատրաստվում է մեկնել Արցախ
Մայիսի 5-ից Հայաստանում է գտնվում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, նախկին WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը:
«Այժմ գտնվում եմ Ծաղկաձորում, որոշել եմ այստեղ պատրաստվել ԱՄՆ-ում կայանալիք իմ հերթական մենամարտին: Նպատակս է նաև Արցախ մեկնելը, ուզում եմ հանդիպել մեր զինվորների, հերոս տղաների հետ, եթե կարող եմ՝ ոգևորեմ, քաջալերեմ, տեսնեմ, թե ինչպես են, հնարավորության դեպքում՝ օգտակար լինեմ: Հավանաբար, այնտեղ կլինեմ մայիսի 20-ին»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց բռնցքամարտիկը:
Ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրից Վ. Դարչինյանը հետևել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող իրադարձություններին, ցավ է ապրում զոհերի, մեկտեղ՝ հպարտանում հերոս տղաների համար. «Գիտեմ, թե փոքր խմբերով ինչեր ենք արել, թեև նաև զոհեր ունենք: Ուզում եմ ասել՝ տղաներ ջան, դիմացեք: Բոլորս հավատում ենք Ձեզ ու գիտենք՝ լավ կլինի, շուտով պատերազմին վերջ կտրվի»:
Հարցին՝ միայնա՞կ է եկել, թե՞ ընտանիքի ուղեկցությամբ, պատասխանեց. «Ընտանիքս հետս չի, հայրիկիս հետ եմ: Միասին կմեկնենք Ամերիկա՝ պատրաստվելու մենամարտիս: Այստեղ ավելի շատ ֆիզիկական մարզումներով եմ զբաղված, այնտեղ կանցնեմ տակտիկականի»:
Վերջին օրերին ադրբեջանցի մարզիկներն աչքի են ընկնում իրենց ագրեսիվ դրսևորումներով: Թեմայի շուրջ հայ բռնցքամարտիկը խոստովանեց. «Անկեղծ ասած՝ երեկվա դեպքերին տեղյակ չեմ, բայց ասեմ, որ շատ կցանկանայի ադրբեջանցի հակառակորդ ունենալ: Աշխարհում գտնվող բոլոր հայերս էլ ուզում ենք ամեն կերպ շեշտադրել, թե ինչ է կատարվում Հայաստանում այս օրերին: Մենք հաստատ չենք ուզում, որ պատերազմ լինի, վստահ եմ, իրենց սովորական զինվորները, քաղաքացիները ևս չեն ցանկանում: Այսքան զոհեր ենք ունենում, մեղք են մեր ջահելները: Վաղուց ժամանակն է, որ Ադրբեջանը հասկանա՝ Ղարաբաղը մերն է, պետք չէ անիմաստ պայքարել»:
Քանի որ այսօր սպասում ենք նաև հերթական հաղթանակին՝ «Եվրատեսիլ-2016»-ում հայկակն դրոշի ծածանմանը, հաղթանակների համը բազմիցս ճաշակած մարզիկի հետ զրույցում անդրադարձանք նաև այդ թեմային: «Շատ տեղեկացված չեմ, բայց որոշ բաներ լսել եմ մեր այս տարվա մասնակցության վերաբերյալ: Հալալ է, որ Ղարաբաղի դրոշը բարձրացրել է, շատ էլ լավ է արել: Դա մեսիջ է աշխարհին, որ մենք պայքարում ենք արդարության համար ու երբեք հետ չեն կանգնի: Ուրախ եմ, որ ամեն մեկը կարող է իր ասպարեզում օգտակար լինել այս հարցին՝ ապացուցելով, որ համամբված ենք, միասնական»,- ասաց նա:
Վիկ Դարչինյանը հայրենիքում կմնա մինչև մայիսի 25-ը կամ 27-ը, Արցախից վերադառնալուց հետո մարզիկը կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ հուլիսի կեսերին (օրը հստակեցված չէ՝ հեղ.) ՝ հաղթանակի ու նոր գոտու նվաճման տրամադրվածությամբ, հանդիպելու է մեքսիկացի բռնցքամարտկ, աշխարհի չեմպիոն Հուգո Ռուիսի հետ: