16/05/2016 11:41
Արցախում վիրավորված զինվոր Հովհաննես Պողոսյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ
Արցախի հյուսիսում ծանր հրազենային վիրավորում ստացած 21-ամյա զինծառայող Հովհաննես Պողոսյանը նախօրեին տեղափոխվել է Երևան՝ ՊՆ կենտրոնական կլինիկական զինհոսպիտալ, տեղեկացնում են Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
Զինծառայողի առողջական վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։ Նա ստացել է հրազենային միջանցիկ գանգուղեղային ծանր վիրավորում, գլխուղեղի սալջարդ, այլ բազմաբեկորային կոտրվածքներ, միացված է արհեստական շնչառության սարքի։ Վիրավորի մոտ առկա է ուղեղային կոմա։
Առողջապահության նախարարի հանձնարարությամբ զինծառայողին է այցելել փոխնախարար Գագիկ Միրիջանյանը: Նա բժիշկների հետ քննարկել է հետագա բուժման մանրամասները։
Վիրավորում ստանալուց հետո Հովհաննես Պողոսյանը տեղափոխվել էր Մարտակերտի հոսպիտալ, վիրահատվել, ապա տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալ:
Նշենք, որ նա արդեն երկրորդ անգամ է վիրավորվում: Առաջին վիրավորումը զինծառայողը ստացել էր ապրիլի առաջին օրերին՝ ոտքից, ու ապաքինվելով վերադարձել էր ծառայության: