16/05/2016 17:51
Արդեն իսկ ստացել եմ հոբելյանական առաջին անակնկալս. դերասան Գրիգորի Հակոբյանը նշում է 30-ամյակը
Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Գրիգորի Հակոբյանն, ով հեռուստադիտողին ծանոթ է նաև մի շարք նախագծերից և ֆիլմերից, մայիսի 16-ից ոտք է դնում իր 30-րդ տասնամյակ: Վերջին երկու տարիներին Ամերիկայի Միցյալ Նահանգներում ապրող ու ստեղծագործող դերասանն այս օրը պատրաստվում է անցկացնել հարազատների միջավայրում:
«Այսօր իմ 30-ամյակն է և պատրաստվում եմ այն նշել ընտանիքիս անդամների հետ՝ համեստ միջավայրում: Արդեն իսկ ստացել եմ հոբելյանական առաջին անակնկալս՝ ուղիղ կեսգիշերին ընտանիքիս անդամներն ու ընկերներս տորթով ու մոմերով ինձ շնորհավորեցին ու ոգևորեցին»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց օրվա հերոսը:
Թե ինչո՞վ է տարբերվում «ամերիկյան ծնունդը» հայկական ծնունդից հարցին մեր զրուցակիցը պատասխանեց. «Միակ տարբերությունն այն է, որ քույրս, ԱՄՆ-ում բնակվելով, երկար տարիներ ներկա չի գտնվել ծննդյանս օրվան: Սա իմ երկրորդ ծննդյան օրն է, որ այստեղ եմ նշում՝ ընտանիքիս հետ: Դրանով ինձ լիարժեք եմ զգում, ինչն ինձ ուրախացնում ու հաճույք է պատճառում»:
Թեև ծննդյան նվերները միշտ թողնում ենք դիմացինի հայեցողությանը, բայց շատերը սրտի խորքում հույս են փայփայում՝ ստանալ ամենաբաղձալին: «Ինձ համար ամենամեծ նվերն այն է, որ հարազատներիս տեսնում եմ ողջ ու առողջ, ուրախ: Իհարկե, լավ նվեր կլինի այն, որ հայրենիքս խաղաղություն ունենա»,-հույս հայտնեց նա:
Այս տարիների մեջ ամենահիշվող ծննդյան օրը նրա համար նախորդ տարի էր՝ 29-ամյակը, քանի որ առաջին անգամ էր նշում հայրենիքից հեռու, բայց հարազատների միջավայրում: Ի դեպ, հոբելյարը յուրահատուկ ուշադրություն չի դարձնում մաղթանքներին, քանի որ վստահ է՝ ամեն ինչ Աստծո ձեռքերում է:
«Ինչ մաղթանք էլ հղեն, միևնույն է, երբեք չենք իմանա, թե Աստված մեզ հետ կապված ինչ պլաններ ունի: Ես շատ եմ սիրում ու միշտ օգտագործում եմ «Աստծուց առաջ չընկնենք» արտահայտությունը: Ինչևէ, ամեն դեպքում, մեծ նպատակներ ունեմ մասնագիտական առումով ու ինքս ինձ մաղթում եմ այդ նպատակներիս իրականացում»,-խոստովանեց նա:
Գ. Հակոբյանն ընդգծեց, որ նպատակների գերակշիռ մասը կապված է հայրենիքի և Հայաստան վերադարձի հետ. «Չեմ ցանկանա փակագծերը բացել, բայց հուսամ Հայաստանում բեմում կնշեմ 30-ամյակս: Աստված առաջ»: