16/05/2016 20:35
Բոլորովին այլ կերպարներում պետք է հանդես գամ. Նարեկ Մակարյանը հրաժարվել է երկար վարսերից. Լուսանկարներ
Երգիչ Նարեկ Մակարյանն, ով վերջին շրջանում հեռուստադիտողին հաճախ է ներկայանում նաև որպես դերասան, օրերս հանդես եկավ ոճային փոփոխությամբ: Երգչի երկար վարսերն այլևս անցյալում են՝ տեղը զիջելով կարճ, բայց ժամանակակից սանրվածքին:
«Բավականին երկար ժամանակ էր՝ սանրվածքս չէի փոխել: Վերջին հեռուստանովելից հետո որոշեցի իմիջս փոխեմ ու դա իր պատճառներն ուներ. հենց դուրս էի գալիս փողոց, մարդիկ ինձ կերպարիս անունով էին դիմում՝ ասելով՝ վայ Վահագն է: Բացի այդ, նաև ոճային փոփոխություն էի ուզում անել»,-Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց նա:
Սակայն այս փոփոխության գլխավոր պատճառը հեռուստատեսային նոր կերպարներն են, որոնց մասին խոսելիս երգիչ-դերասանը բավական զուսպ գտնվեց.
«Այո, նոր նախագծեր կան, որոնցում բոլորովին այլ կերպարներում պետք է հանդես գամ: Թե ինչ էկրանային կերպար է՝ շուտով բոլորը կիմանան: Առօրյաս փոխվել է նաև նրանով, որ այժմ ավտոմեքենայից չեմ օգտվում: Այն կանգնեցրել եմ ավտոտնակում ու միայն մոտոցիկլ եմ վարում»:
Երգչի նոր սանրվածքը Հարութ Ջուլհակյանինն է, ֆոտոշարքի հեղինակը Հովիկ Շիրվանյանն է: Ի դեպ, մեր այն հարցին, թե դժվար չէ՞ր հրաժարվել երկար տարիներ փայփայած վարսերից՝ մեր զրուցակիցը ծիծաղելով խոստովանեց. «Բացարձակ դժվար չէր: Հավատացեք, որոշումը մեկ վայրկյանում եմ կայացրել… Սկզբում վարսահարդարիս մոտ էի գնացել, որպեսզի սանրվածքս մի-փոքր թեթևացնի, բայց ընթացքում խնդրեցի բոլորովին կարճ կտրել մազերս: Նա կարծում էր՝ կատակ եմ անում, չէր հավատում: Պատկերացրեք, երբ համոզվեց, որ դա հումոր չի՝ հրաժարվեց կտրել: Մի կերպ համոզեցի»:
Ներկա պահին երգիչն առաջարկներ ունի որպես դերասան հանդես գալ և՛ ֆիլմում, և՛ սերիալում, սակայն առաջարկները մերժել է՝ որոշելով այս տարի իր ժամանակը տրամադրել միայն երաժշտական ասպարեզին:
Ընթերցողը կհիշի «6-րդ զգայարան» հաղորդման շրջանակներում Ն Մակարյանի զգուշացումը պայծառատես Անի Մաջնունյանին, որից բառացիորեն ամիսներ անց պայծառատեսին սպանեցին: Աղմկահարույց այս պատմությունը միակը չէր Նարեկի կյանքում, նման «գուշակություններ» հաճախ է ունեցել: «Կարծում եմ՝ դա շատ անձնական ու փակ թեմա է, որի մասին չեմ ցանկանա խոսել, մանրամասնել: Ինչքան բացահայտվեց, բավական է, դեռ մի բան էլ ավելի»,-նշեց նա:
Այնուամենայնիվ, ի վերջո ո՞վ կհաղթի՝ նրա միջի երգի՞չը, դերասա՞նը, թե՞ պայծառատեսը հարցին, ժպիտով պատասխանեց. «Կարելի է բոլորը մեկտեղել: Կարծում եմ՝ հետաքրքիր կլինի»:
Տեղեկացնենք, որ երգիչը շուտով երկրպագուներին կհանձնի իր նոր տեսահոլովակը, որը, նրա իսկ խոսքով, հրաշալի անակնկալ է թե՛ Հայաստանում ապրող հայենակիցների, թե՛ սփյուռքահայերի համար: Տեսահոլովակի ռեժիսորն է Սերժ Գաբյանը: