17/05/2016 15:52
Քաղաքագետ. Սարգսյան-Ալիև հանդիպումը շփման գծում անվտանգության երաշխիքներ չի տալիս
Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կարևոր էր, բայց այն շփման գծում անվտանգության երաշխիքներ չի տալիս, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Կարևոր էր, որ խոսվեց հետաքննության մեխանիզմերի ձևավորման մասին: Սակայն հետևելով հանդիպումից հետո եղած հայտարարություններին՝ տեսնում ենք, որ դրա ընթացքում խոսք չի եղել շփման գծում զորքերը հետ տանելու մասին, ինչը նշանակում է, որ անվտագության երաշխիքներ այս պահին չկան: Դրանք չկան ոչ Ադրբևջանի կողմից և ոչ էլ միջնորդների կողմից», - ասաց քաղաքագետը:
Հ.Մելիք-Շահնազարյանի խոսքով, հանդիպման նպատակը եղել է այն, որ կողմերը կարողանան արտահայտվել և ոչ ավելին:
«Ճիշտ է հանդիպման արդյունքում կան որոշակի պայմանավորվածություններ, բայց չկա վստահություն, որ դրանք կյանքի կկոչվեն, չկան երաշխիքներ միջնորդների և Ադրբեջանի կողմից, որ ռազմական գործողությունները չեն շարունակվի», - ասաց նա:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գտնում է, որ սահմանում լարվածությունը կշարունակվի: «Բարձրաստիճան հանդիպումներից անվտանգության մակարդակը չի ավելանում», - ասաց քաղաքագետը: