17/05/2016 12:47
Սերժ Սարգսյան. Հայաստանի նպատակը ստատուս քվոյի պահպանումն ու հավերժ պատերազմելը չէ (Տեսանյութ)
Հայկական կողմի նպատակը ղարաբաղյան խնդրում ստատուս քվոյի պահպանումը չէ և հավերժ պատերազմելը չէ, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մեզ համար կարևորը հետևյալն է. որպեսզի համանախագահները ևս մեկ անգամ համոզվեն՝ մեր նպատակը նախ ստատուս քվոյի պահպանումը չէ և մեր նպատակը չէ հավերժ պատերազմելը: Մենք ցանկանում ենք մեր խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով: Մենք ցանկանում ենք, որպեսզի ավելորդ կորուստներ չունենանք», - Վիեննայից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա ընդգծել է, որ որևէ պարագայում արդարացված չի համարում «մեր լավագույն տղաների զոհվելը հանուն հայրենիքի»:
«Շատ լավ կլինի, որ հանուն հայրենիքի նրանք գործեն, հանուն հայրենիքի ապրեն: Բայց եթե, նորից եմ կրկնում, ադրբեջանցիները խախտեն հրադադարի պայմանները, մենք ուղղակի ստիպված ենք լինելու պատասխանել, որովհետև չպատասխանելը բերում է էլ ավելի մեծ խախտումների», - ասել է ՀՀ նախագահը:
Պատերազմի մասին նա չի ցանկացել խոսել:
«Ինքս տեսել եմ, թե ինչ բան է պատերազմը և չեմ ցանկանա, որ բոլորն էլ տեսնեն կամ մեկ անգամ ևս կրկնվեն այդ իրադարձությունները: Միակ դեպքը, երբ պատերազմելը արդարացված է, դա այն է, երբ դու պարտադրված ես, այլ ելք չունես, պիտի քո հողը պաշտպանես, քո հայրենիքը պաշտպանես: Մենք մեր ընտրությունը վաղուց ենք կատարել, և մեր ժողովուրդը այդ ընտրությունը վաղուց է կատարել: Դա ցույց տվեց ապրիլի պրովոկացիան Ադրբեջանում, բայց ամեն ինչ անելու ենք, որպեսզի չկրկնվեն այդ իրադարձությունները», - ասել է Ս.Սարգսյանը:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ պայմանավորվածությունների ձեռքբերմանը շատ մեծ ուշադրություն պիտք չէ դարձնել՝ հաշվի առնելով անցյալի փորձը:
«Ինչպես ասացի, մենք 20 հանդիպում ենք ունեցել: Այդ հանդիպումների ժամանակ բազմաթիվ բաների մասին ենք պայմանավորվել, բայց Ադրբեջանի նախագահը, վերադառնալով Բաքու, բոլորվին այլ հայտարարություններ է արել: Կյանքը ցույց կտա, թե այս անգամ ինչպես իրադարձությունները կազարգանան», - ասել է ՀՀ նախագահը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: