17/05/2016 14:24
Նախագահների հանդիպումը չի բացառում շփման գծում նոր լարվածությունը. քաղաքագետ
Մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հարցով կարելի է գնահատել որպես լավատեսական, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Հանդիպումը գնահատում եմ, որպես չափավոր լավատեսական: Սակայն հանդիպումը չէր կարող եւ առաջիկայում չի էլ կարողանա դառնալ խաղաղության եւ տարածաշրջանի կայունության երաշխիք: Ցավոք. կողմերի մոտեցումները այնպիսին են, որ տեսանելի ապագայում խնդիրը ամբողջական լուծում չի ունենա», - ասաց Ս.Մինասյանը:
Նրա խոսքով՝ հանդիպման արդյուքները համապատասխանում են նախորդած հայտարարություններին եւ սպասվող նպատակներին:
«Այսքան տարիների ընթացքում սա եղել է առաջին հանդիպումը, որը առանձնացել է նրանով, որ այն եղել է ոչ թե բանակցություններ վերացական հեռանկարների մասին, այլ վստահության մեխանիզմների համար նախանշվել են կոնկրետ միջոցներ: Այլ հարց է, որ նախորդ հանդիպումների փորձը թույլ չի տալիս լավատեսորեն խոսել», - ասաց Ս.Մինասյանը
Քաղաքագետը չբացառեց, որ շփման գծում լարվածության աճ կնկատվի: «Ցավոք Ադրբեջանի նախկին գործողությունները 100 տոկոսանոց երաշխքներ չեն տալիս, որ նրանք կրկին չեն խախտի հրադադարի ռեժիմը», - ասաց Կովկասի ինստիտուտի փոխտնօրենը: