17/05/2016 13:59
Սերժ Սարգսյան. Երկրում բարեփոխումների համար պարտադիր չէ, որ լինեին ապրիլյան օրերը
Անկախ ապրիլյան իրադարձություններից՝ պետական միջոցները խնայողաբար ծախսելն անհրաժեշտություն է, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Իհարկե, անհրաժեշտ է, կենսական անհրաժեշտություն է պետական միջոցները խնայողաբար ծախսել, բայց ո՞վ է ասում, որ նախկինում մենք այդ ցանկությունը չենք ունեցել կամ դրա դեմ չենք պայքարել: Մեզանից յուրաքնաչյուրը՝ լինի դա գործադիր օղակը, օրենսդիր օղակը, թե դատական իշխանություն՝ պետք է հասկանա, որ ամեն օր պետք է մտածել բարելավումների մասին», - Վիեննայից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին տված հարցազրույցում ասել է Ս.Սարգսյանը:
Նա նշել է, որ, որ բարեփոխումների համար պարտադիր չէ, որ լինեին ապրիլյան օրերը:
«Փետրվարի 12-ին ես ելույթ եմ ունեցել, վստահ եք, չէի կարող կանխատեսել, որ ապրիլի սկզբին իրադարձություններ են լինելու և խոսել եմ փոփոխությունների մասին: Բայց մինչ խոսելը՝ երբ որ մենք նախաձեռնում էինք սահմանադրական բարեփոխումներ, դա նշանակում է փոփոխությունների սկիզբ: Փետրվարը հաջորդ փուլն էր և անկախ նրանից ռազմական գորոծողություններ եղել են, թե՝ ոչ, մեր երկրում այդ փոփոխությունները պետք է ընթանան», - ասել է ՀՀ նախագահը:
Նրա խոսքով՝ միշտ կարելի է կշտամբել իշխանություններին ոչ ճիշտ որոշումների կամ դանդաղկոտության համար, բայց արդյունքները պետք է դիտարկել համեմատության մեջ:
«Ես հասկանում եմ, որ շատ շատերը բավարարված չեն փոփոխությունների տեմպերով, բայց մյուս կողմից էլ մենք պիտի հասկանանք, որ կտրուկ փոփոխությունները որևէ լավ հանգրվանի մեզ չեն հասցնի: Ինչպես տեսնում եք՝ փոփոխություններ տնտեսության մեջ, վերաբերմունքի մեջ, մյուս կողմից՝ ռազմական գործողություններ, արդյոք դրանք համատեղելի՞ են: Միշտ էլ կարելի է իշխանություններին կշտամբանք ուղել, նրանց դանդաղկոտության համար, կամ ենթադրյալ դանդաղկոտության համար, ոչ ճիշտ որոշումների համար, բայց դրա լավագույն չափորոշիչը, լավագույն դատավորը՝ խնդրին համեմատության մեջ նայելն է: Ճիշտ ճանապարհը սա է», - նշել է Ս.Սարգսյանը: