17/05/2016 11:58
Նախագահ. Հայկական կողմը բավարարված է հանդիպման արդյունքներով (Տեսանյութ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ բավարարված է Վիենայում կայացած հանդիպումների արդյունքներով:
«Ընդհանուր առմամբ ես և իմ գործընկերները բավարարված ենք արդյունքներով (...): Յուրաքանչյուր կողմ, ով գնում է հանդիպման, իր նպատակներն է հետապնդում: Ակնհայտ է, որ համանախագահներն ունեին իրենց նպատակը, ադրբեջանական կողմն իր նպատակը, մենք ունեինք մեր նպատակը», - Վիեննայից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին տված հարցազրույցում ասել է Ս.Սարգսյանը:
Նրա խոսքով՝ հայկական կողմի նպատակն էր պարզել՝ արդյոք իրականության մեջ բանակցությունները մտել են փակուղի և այլ ելք չկա, քան պատերազմելը, թե՞, այնուամենայնիվ, հնարավոր է խնդիրը լուծել քիչ կորուստներով:
«Մանրամասներին անդրադառնալու անհրաժեշտություն չկա՝ ելնելով մի քանի հանգամանքներից, բայց, այդուհանդերձ, Ադրբեջանի նախագահը հավաստիացրեց, որ իր երկիրն ու ինքն անձամբ նպատակ չունի պատերազմական գործողություններով հասնել ինչ-որ մի խնդրի լուծմանը, բայց դուք շատ լավ հասկանում եք և, կարծում եմ, նույնիսկ կանխատեսում եք իմ արձագանքը, որը հետևյալն է՝ դա լավ է, բայց քիչ հավատ է ներշնչում», - ասել է նախագահը:
Սերժ Սարգսյանն իր այս դիրքորոշումը բացատրել է նրանով, որ այդպիսի խոսակցություններ եղել են բազմիցս, բայց իրականության մեջ արդեն մի քանի տարի է, որ պայմանավորվածությունը չի պահվում:
«Բայց մենք իրավունք չունենք միայն մեր ենթադրություններով կամ կանխատեսումներով առաջնորդվելու, որովհետև պատերազմը լավագույն լուծումը չէ: Ուստի կտեսնենք, թե իրադարձություններն ինչպես կզարգանան: Բոլոր պարագաներում մենք պատրաստ ենք ցանկացած ելքի: Իհարկե, մեր ցանկությունն է, որպեսզի այդ ելքը լինի խաղաղ ճանապարհով», - ասել է Ս.Սարգսյանը:
Ըստ նրա՝ Վիեննայում խոսակցություն է գնացել նաև այն մասին, որ որոշ ժամանակ հետո ճիշտ կլինի հանդիպել:
«Խոսակցություն գնաց հանդիպելու մասին ու մենք մի կառուցողական առաջարկություն արեցինք: Քանի որ խոսքը գնում էր հրադադարի ռեժիմը պահպանելու ուղղությամբ համանախագահների կողմից մոնիտորինգի հաստատման մասին, մենք առաջարկեցինք, որպեսզի այդ մոնիտորինգը հաստատվի մինչ մեր հանդիպումը: Սա կլինի կողմերի կողմից կառուցողական մոտեցում», - ասել է Հայաստանի նախագահը:
Սերժ Սարգսյանի ողջ հարցազրույցը՝ տեսանյութում: