17/05/2016 13:16
Նախագահ. Վիեննայում Ադրբեջանը, փաստացի, համաձայնվել է սահմանային մոնիտորինգին առանց նախապայմանների
Վիեննայի հանդիպման ժամանակ Ադրբեջանը չի առարկել սահմանային միջադեպերի մոնիտորինգի ներդրման դեմ, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Պետք է ասեմ, որ խնդրողի վիճակում չէինք մոնիտորինգի ռեժիմը հաստատելու: Ուղղակի ես զարգացրեցի համանախագահների առաջարկությունը մոնիտորինգի համակարգ ձևավորելու, այնպես որ եթե Ադրբեջանը համաձայն չլիներ՝ նրանք կառարկեին», - Վիեննայից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին տված հարցազրույցում ասել է Ս.Սարգսյանը:
Նրա խոսքով, մոնիտորինգի հաստատման համար չի եղել որևէ նախապայման:
«Չգիտեմ այդ, որ ադրբեջանցիներն են պնդում զորքերի դուրսբերման, հետո մոնիտորինգ հաստատելու մասին, բայց ես գործ ունեմ Ադրբեջանի նախագահի հետ, որն այդպիսի բան չհայտարարեց այնտեղ: Դրա մասին խոսք եղավ մեկ այլ կոնտեքստում, բայց դա այսօրվա հանդիպմանը քիչ էր վերաբերում», - ասել է Ս.Սարգսյանը:
Նա ընդգծել է, որ Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ չի խոսվել բանակցությունների մասին, քննարկվել է հրադադարի ռեժիմի պահպանումը:
«Իլհամ Ալիևը հանդիպման ընթացքում նշել է, որ ապրիլյան իրադարձությունների նախաձեռնողը եղել է հայկական կողմը: Ադրբեջանի նախագահը նայելով համանախագահներին և ինձ ասում է, որ մենք ենք նախաձեռնել ապրիլյան այդ գործընթացը: Վստահ եմ՝ պատկերացնում եք իմ պատասխանը, բայց սա է: Ադրբեջանի նախագահն այսօր տասնյակ անգամ կրկնեց, որ Ադրբեջանը միայն ու միայն խաղաղությամբ է ուզում լուծել այս հարցը: Լավ վիճակ չի, բայց իրական վիճակը դա է», - ասել է Սերժ Սարգսյանը: