17/05/2016 20:55
ԵԱՀԿ-ն ակտիվորեն կաջակցի հետաքննության մեխանիզմների ներդրման ջանքերին. Շտայնմայեր
ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերը ողջունել է Վիեննայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցած հանդիպումները:
«Շփման գծում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Ես խորապես ցավում եմ զոհերի կապակցությամբ և կոչ եմ անում կողﬔրին հարգել հրադադարի ռեժիմն ամբողջ ծավալով: Այս համատեքստում, ողջունում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի իմ գործընկերների` մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպելու նախաձեռնությունը», - ասված է ԵԱՀԿ գործող նախագահի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ:
Նա նշել է, որ իրեն ուրախացնում է երկու նախագահների ստանձնած հանձնառությունը` հրադադարի պահպանման և հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, ինչպես նաև հունիսին բանակցությունների նոր փուլ ունենալու իրենց պատրաստակամությունը:
«Գերմանիան` որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, լի է վճռականությամբ օժանդակելու համանախագահների աշխատանքին: Մենք ակտիվորեն կաջակցենք հետաքննության մեխանիզմների ներդրման ջանքերին: Մենք նաև կաշխատենք իմ անձնական ներկայացուցչի, դեսպան Անջեյ Կասպշիկի թիﬕ ընդլայնման ուղղությամբ: Ապրիլյան էսկալացիան բոլորիս հիշեցում էր, որ ներկա դրությամբ անհրաժեշտ է մշտական ջանքեր` փակուղուց դուրս գալու համար: Հրադադարի ռեժիﬕ ամրապնդումը հանդիսանում է առաջանահերթ հարց, ոչ պակաս կաևորություն ունի նաև համապարփակ կարգավորման բանակցությունների համար բարենպաստ պայմանների ստեղծումը», - ընդգծել է նա: