18/05/2016 13:14
Լվովում մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի ու ադրբեջանցիների միջև. կան տուժածներ
Ուկրաինական Լվով քաղաքում մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել տեղի հայերի ու ադրբեջանցիների միջև, ինչի հետևանքով 6 մարդ տուժել է: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել կատարվածի կապակցությամբ:
Վկայակոչելով ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությանը, vesti-ukr.com-ը տեղեկացնում է, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 16-ին, երկաթուղային կայարանի մոտ տեղակայված սրճարաններից մեկում: Ոստիկանության տվյալներով, ծեծկռտուքին մասնակցել է 20 տղամարդ՝ 25-40 տարեկան:
Ծեծկռտուքի մասնակիցներից մեկը տրավմատիկ զենք է կիրառել, ինչի հետևանքով մասնակիցներից մեկը վնասվածքներ է ստացել:
Երբ դեպքի վայր է հասել ոստիկանությունը, տեղում եղել են վնասվածք ստացած վեց անձինք, որոնց, ըստ աղբյուրի, բուժօգնություն է ցուցաբերվել:
Հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով:
Իրավապահ մարմիններում լրատվամիջոցի աղբյուրը տեղեկացնում է, որ վեճը բռնկվել է ադրբեջանցիների և հայերի միջև:
Ուկրաինայի ադրբեջանցիների միության նախագահ Ռովշան Թագիևը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայերը ցանկանում էին վրեժ լուծել մի քանի օր առաջ Լվովում Եվրոպայի Քունկ ֆուի առաջնության ժամանակ տեղի ունեցած սկանդալի համար, ինչի հետևանքով հայեր էին ծեծի ենթարկվել: Կոնֆլիկտը ծագել էր այն ժամանակ, երբ ռինգ է դուրս բերվել ղարաբաղյան դրոշը»:
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին հայ և ադրբեջանցի մարզիկի մենամարտն անավարտ էր մնացել: Հայաստանի հավաքականի անդամ, արցախցի Դավիթ Պետրոսյանին կես քայլ էր բաժանում ադրբեջանցի մարզիկին հաղթելու համար, երբ մրցակցի մարտավկան փորձել է ռինգի կողքից հարվածել Դավիթին: Նրան միացել է նաև պարտվողը՝ թիկունքից հարվածելով հայ մարզիկին: Դրանից հետո ադրբեջանական թիմի մարզիչները և մարզիկները նախօրոք դահլիճ բերած մահակներով հարձակվել էին հայերի վրա, և մեծ ծեծկռտուք էր սկսվել, որին միջամտել էին ոստիկանները: