18/05/2016 09:37
ԼՂՀ-ում դրական են գնահատում Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը
ԼՂՀ-ում դրական են գնահատում մայիսի 16-ին Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ ԱՄՆ պետքարտուղարի, Ռուսատանի արտաքին գործերի նախարարի և Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղարի մասնակցությամբ և աջակցություն են հայտնում հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությանը միջադեպերի հետաքննությունների անցկացման ԵԱՀԿ մեխանիզմի շուրջ աշխատանքներն ավարտելու և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակն ընդլայնելու, ինչպես նաև ԿԽՄԿ հովանու ներքո անհայտ կորածների մասին տեղեկատվության փոխանակումը շարունակելու վերաբերյալ։ Այս մասին ասված է ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ:
«Մենք նաև կիսում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումը, որոնք բացառում են հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած հնարավորություն և պնդում 1994 թ․և 1995 թ. հրադադարի մասին համաձայնագրերի պահպանման անհրաժեշտությունը։
Նշված համաձայնագրերը, որոնք վերջ դրեցին լայնածավալ ռազմական գործողություններին և այդպիսով հնարավորություն ստեղծեցին՝ որոնելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները, կնքվել են բանակցություններին բոլոր երեք կողմերի՝ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի լիարժեք մասնակցության շնորհիվ։ Կարգավորման գործընթացի տրամաբանությունը պահանջում է հակամարտության վերջնական հանգուցալուծմանը հասնելու համար վերականգնել բանակցությունները հենց նշված եռակողմ ձևաչափով», - նշված է մեկնաբանության մեջ: