18/05/2016 16:20
Ադրբեջանցի մեկ պաշտոնյայի հայտարարությունը երզակացության հիմք լինել չի կարող. Նահապետյան
Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը հորդորում է Ադրբեջանի մեկ պաշտոնյայի հայտարարության հիման վրա երզակացություններ չանել:
«Վիեննայոում կայացած հանդիպման վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ արդեն համապատասխան հայտարարություն տարածել է, որտեղ իր գնահատականներն է հնչեցրել: Եկեք չշտապենք, առաջիկա օրերին կլինեն նոր զարգացումներ և ըստ այդմ մենք կտեսնենք, թե ինչ առաջարկ է ընդունվել, ինչը՝ ոչ», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հայտարարությանն, ասաց նա:
Նրա խոսքով, Հայաստանի համար նորություն չէ, որ ադրբեջանցի տարբեր պաշտոնյաներ նախկինում ևս հերքել են ինչ-որ պայմանավորվածություններ և իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ են հնչեցրել:
«Չեմ կարծում, որ մեկ պաշտոնյայի հայտարարությունը պետք է հիմք ընդունել, եկեք սպասենք ու կտեսնենք, թե ինչ կլինի», - ասաց նա:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը դեմ է արտահայտվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի լիազորությունների ավելացմանը, հայտարարելով, որ նման պայմանավորվածություն Վիեննայում ձեռք չի բերվել: