18/05/2016 12:50
Քաղաքագետ. Վերադառնալ Բաքու ու հետ կանգնել պայմանավորվածություններից՝ Ադրբեջանի սովորական պահվածքն է
Բաքու վերադառնալն ու հետ կանգնելը հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններից Ադրբեջանի սովորական պահվածքն է, Aysor.am-ի թղթակցին ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Հանդիպումից հետո եղած մի շարք մեկնաբանություններում, ու նույնիսկ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում ասաց, որ Բաքու հասնելուց հետո նման հայտարարություններ արվելու են», - հիշեցրեց քաղաքագետն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հայտարարությանը, թե Անջեյ Կասպրշիկի գրասենյակի լիազորությունների ավելացման մասին Վիեննայում պայմանավորվածութուն չի եղել:
«Ընդ որում սա ոչ միայն Իլհամ Ալիևին է բնորոշ: Ժամանակին նույն կերպ Հեյդար Ալիևն էր հանդիպումներից հետո այլ բաներ ասում: Սա իրականություն է, որը պետք է հաշվի առնենք և, բնականաբար, չափից ավելի լավատեսություն չունենանք Վիեննայում եղած ձեռքբերումների վերաբերյալ», - ամփոփեց Սերգեյ Մինասյանը:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայում կայացած հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հայտարարել էին, որ «նախագահները (Հայաստանի և Ադրբեջանի - Aysor.am) նաև համաձայնել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման շուրջ»: