18/05/2016 12:57
Նալբանդյան. Ավտորիտար ռեժիմները պատերազմ սկսելու երկընտրանքի առջև չեն կանգնում
Ժողովրդավար երկրները քիչ հավանական է, որ պատերազմ սկսեն, սակայն ավտորիտար ռեժիմները նման երկընտրանքի առջև չեն կանգնում, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Մենք կիսում ենք պարոն Յագլանդի տեսակետը «Ժողովրդավարական անվտանգության» հայեցակարգի վերաբերյալ, ըստ որի՝ ժողովրդավար երկրները քիչ հավանական է, որ պատերազմ սկսեն։ Ակնհայտ է, որ ավտորիտար ռեժիմները նման երկընտրանքի առջև չեն կանգնում», - ասել է Է.Նալբանդյանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 126-րդ նիստում ունեցած ելույթում:
Նրա խոսքով, նման իրավիճակի ականատեսն աշխարհը դարձավ այս տարվա ապրիլի սկզբին, երբ Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչի հետևանքով բազմաթիվ զոհեր և վիրավորներ եղան, տեղի ունեցան միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ։
«Ապրիլի սկզբին ստեղծված լարված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները քննարկվեցին երկու օր առաջ Վիեննայում՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը։ Իրենց համատեղ հայտարարության մեջ համանախագահող երկրները շեշտեցին 1994-1995թթ. զինադադարի մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման վերաբերյալ: Այս ամենը կարող է ճանապարհ հարթել հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը վերսկսելու համար», - նշել է նախարար Նալբանդյանը:
Նա նաև ասել է, որ մինչ այսօր Ադրբեջանը շարունակաբար խափանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նման առաջարկությունները և անգամ ձեռք բերված պայմանավորվածությունները։
«Հուսով ենք, որ այս անգամ Ադրբեջանը չի խորտակի համանախագահ երկրների հույսերը, միջազգային հանրության սպասելիքները», - ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը: