18/05/2016 19:23
Թանգարաններ գնալու հաճույքը չպետք է սահմանափակվի մեկ-երկու օրով, այլ պետք է դառնա կենսակերպ. Անահիտ Կիրակոսյան
Մայիսի 18-ը թանգարանների միջազգային օրն է, որը շատերի համար հավելյալ առիթ է՝ մշակութային քաղցը հագեցնելու: Հատկապես, երբ տոնական օրվան հաջորդում է առաջիկա հանգստյան օրվա թանգարանային գիշերը: Այս տարի այն մայիսի 21-ն է:
«Այսօր մինչև ուշ գիշեր աշխատանքի եմ, այդ պատճառով չեմ կարող այցելել: Բայց առջևում թանգարանային գիշերն է: Կարծում եմ, սա հրաշալի նախաձեռնություն է, ինչի արդյունքում մարդկանց մոտ շահագրգռվածություն, հետաքրքրություն է ձևավորվում արվեստի, մշակույթի հանդեպ: Մարդիկ գոնե մեկ-երկու օրով կտրվում են ինտերնետային դաշտից ու ամբողջ ընտանիքով վայելում թանգարաններ գնալու հաճույքը: Թեև, շատ կցանկանայի, որ դա մեկ-երկու օրով չսահմանափակվեր, այլ դառնար կենսակերպ»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց Կամերային երաժշտական պետական թատրոնի դերասանուհի Անահիտ Կիրաոսյանը, ում հեռուստադիտողը վերջին շրջանում հանդիպում է «Շանթ» հեռուստաընկերության «Խոպանի տեսություն» սիթքոմում՝ Հայարփիի կերպարով:
Մեզանից յուրաքանչյուրն ունի իր նախընտրած թանգարանային մթնոլորտը: Դերասանուհին ընդգծեց, որ Հայաստանի բոլոր թանգարաններում չի եղել ու դեռևս տպավորված է փարաջանովյան արվեստով. «Հիացած եմ նաև Հովհաննես Թումանյանի տուն թանգարանով՝ թե՛ Երևանում, թե՛ իր ծննդավայր Դսեղ գյուղում: Ամեն ինչ տպավորիչ է՝ սկսած աստիճանների քանակից, թանգարանի հարուստ պատմության նմուշներից և այդ ամենը ներկայացնող բարձրակարգ մասնագետներից: Ես և դստրիկներս նաև մեծ բավականություն ստացանք, երբ «հանդիպեցինք» իր իսկ թանգարանում «շրջող» Հովհաննես Թումանյանին: Հետաքրքիր և ուսուցողական փոքրիկ գրքեր նվեր ստացանք, որում ներկայացված էր թանգարաններ այցելելու կանոնները, երեխաններն էլ գրում էին իրենց կարծիքը, կիսվում տպավորություններով: Առհասաակ, լավ կլինի, որ մշակութային նման վայրեր այցելելը դառնա սովորություն թե՛ ծնողների, թե՛ երեխաների համար»:
Անահիտ Կիրակոսյանը խնամքով առանձնացրեց նաև իր համար աշխարհի ամենահարուստ գրադարանը՝ Մատենադարանը: «Այնտեղ մեր պատմությունն է, մեր անցյալը, որը չիմանալով՝ չենք կարող ապագա կառուցել: Պետք է սիրենք մեր արվեստն ու մշակույթը, և ամենակարևորը՝ ճանաչենք մեր մեծերին»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց դերասանուհին: