18/05/2016 14:38
Ցանկացած պատերազմ վատ է, հուսամ, այլևս նման բան չի կրկնվի. Սիբիլը՝ Թուրքիայում տիրող տրամադրությունների և արցախյան պատերազմի մասին
Ասում են, արդար նպատակի և ցանկության համար ամեն խոչընդոտ հաղթահարելի է: Պատմական իրողությունից ելնելով՝ այսօրվա Թուրքիայի սրտում հայկական արվեստի շունչն արտացոլելը, կարծում եմ, դյուրին գործ չէ, սակայն այդ առաքելությունը հրաշալիորեն որդեգրել է ստամբուլահայ երգչուհի Սիբիլը. արդեն 101-ամյա ոճրագործություն կրող երկրում հայ երգչուհին ամեն օր հայերենով բարձրաձայնում է հայկական մշակույթի մասին, այնինչ Հայաստանում ապրող հայ երգիչներից շատերը «հմտորեն» շարունակում են արաբա-թուրքական «կլկլոցը»…
Aysor.am-ը երգչուհու հետ զրուցել է Ստամբուլում տիրող ապրիլ-24-յան տրամադրությունների, այնտեղ ապրող հայերի կարգավիճակի մասին: ԱՆդրադաձել ենք նաև ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանն ու Սիբիլի մեծագույն երազանքին:
-Սիբիլ, 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից կատարված Հայոց ցեղասպանությունից արդեն 101 տարի է անցել: Դուք ապրում եք այդ հրեշագործությունն իրականացնող պետության մեջ: Հետաքրքիր է, ապրիլի 24-ը Ստամբուլում հերթական սովորական օ՞ր է, թե՞…
-Անշուշտ, սովորական օր չէ: Ինչպես դուք, մենք էլ ենք հիշում մեր զոհերի հիշատակի օրը: Արդեն երկու տարի է, Գումգափուի Մայր եկեղեցում Սուրբ պատարագ է մատուցվում: Հատկապես այդ օրը հայկական հեռուստաալիքներով ամեն ժամի հետևում ենք hայաստանյան անցուդարձին:
-Երբևէ Ձեր թուրք ընկերների, գործընկերների հետ քննարկում, զրուցո՞ւմ եք այդ թեմայով: Ինչպիսի՞ պատմություն է իրենց հայտնի, ի՞նչ դիրքորոշում ունեն իրողության շուրջ:
- Գիտեք, ես միշտ իմ ընկերներին ասել եմ իրականությունը: Երբ ինձ հարցեր են տվել այս թեմայի շուրջ, անկեղծորեն պատմել եմ տատիկիս և պապիկիս ապրած դաժան օրերի մասին: Հավատացեք, որ իրենք էլ հետաքրքրությամբ լսել են: Թուրք գիտակից մարդը շատ լավ գիտի, թե ինչ է պատահել 101 տարի առաջ: Այժմյան սերունդը որևէ մեղք չունի այս ամենի մեջ: Եղել են մարդիկ, որ ներողություն են խնդրել: Ուզում եմ, որ բոլորն իրականությունն իմանան…
-Ի դեպ, ապրիլի 24-ին Հայաստանում էր Շառլ Ազնավուրը, ում հետ հանդիպելը Ձեր ամեամեծ երազանքներից մեկն է: Մտածում էինք, որ Հայաստան կգաք՝ թեկուզ այս կերպ երազանքն իրականացնելու…
-Այդ օրերին Պարսկաստանում համերգ ունեի և Հայաստան գալս անհնար էր: Հուսամ, առիթ կունենամ վաղեմի երազանքս իրականացնելու: Նույնիսկ նկարներով Ազնավուրին տեսնելն ինձ շատ մեծ ուրախություն է պատճառում: Չեմ կարող պատկերացնել, թե անձամբ ծանոթանալու ժամանակ ինչ զգացողություններ կունենամ:
-Մեր օրերում Թուրքիայում հայ համայնքը հանգի՞ստ է ապրում, թե մտավախություններով, որ ամեն ինչ կարող է կրկնվել…
-Աստված չանի, որ երբևէ որևէ ազգ հայտնվի այն օրերում, ինչի միջով մեր ազգն է անցել: Այժմ մենք հանգիստ ենք ապրում Ստամբուլում, որևէ ճնշման չենք ենթարկվում: Մեր եկեղեցիները, դպրոցները, միությունները բաց են: Ակտիվ համայնք ունի պոլսահայությունը:
-Ազգամիջյան ամուսնություններ հաճա՞խ են լինում, հայն ու թուրքը միասին ընտանիք կազմո՞ւմ են, թե՞ խուսափում են:
-Այո, խառը ամուսնություններ լինում են, չեմ կարող ժխտել: Բայց շատ չեն նման դեպքերը:
-Դուք այսօրվա Թուրքիայի ակտիվ հայերից եք, մեծ թափով ծավալում եք Ձեր երաժշտական գործունեությունը, այն էլ հայալեզուն: Երգում եք երգեր, որոնք նվիրված են այժմյան Թուրքիայի տիրապետության տակ գտնվող հին հայկական քաղաքներին: Ձեր գործունեությանը թուրքական պետությունը չի՞ խոչընդոտում:
-Փառք Աստծո, մինչև հիմա որևէ խոչընդոտի չեմ առնչվել: Շատ հաղորդումների են հրավիրել, հարցազրույցներ արել, ու բոլորն էլ հարգանքով են վերաբերել արածս աշխատանքին: Շնորհակալ եմ, որ պատճառ ու միջոց դարձան՝ ձայնս բոլորին հասցնելու:
-Եթե չեմ սխալվում, թուրքալեզու երգեր չունեք: Դա միտումնավո՞ր է:
-Այո, ճիշտ եք նկատել՝ չունեմ: Ամեն մարդ իր կյանքում մեկ առաքելություն ունի: Իմ առաքելությունը հայկական երգն ու երաժշտությունը լսելի դարձնելն է: Եթե կարողանամ ազգիս համար թեկուզ մի փոքր լավ գործ անել, ինձ համար երջանկություն կլինի:
-Դուք Ստամբուլում եք ապրում, իսկ երբևէ Արևմտյան Հայաստանի տարածքում եղե՞լ եք:
-Նախորդ տարի հուլիսին Համահայկական խաղերի մասնակից անդամների հետ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ այցելեցինք Կարս, Վան, Տիգրանակերտ, Մուշ… Պարոն Զաքարյանի միջոցով երազանքներիցս մեկն իրականացավ. Անիի ավերակների առջև կատարեցի «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգը:
-Արմատներով կապ ունե՞ք պատմական Հայաստանի հետ:
-Մայրական կողմս Սեբաստիայից և Թոքատից է:
-Սիբիլ, վերջին շրջանում Ստամբուլում քիչ չեն ահաբեկչությունները քրդերի կողմից: Լարվածությունը մե՞ծ է:
-Իսկապես, շատ լարված, պրկված օրեր ապրեցինք: Բայց ասեմ, որ այդ պայթյունները ոչ թե քրդերի, այլ «Իսլամական պետության» (ISIS)-ի ձեռքի գործն էր:
-Հայաստանում էլ որոշակի առումով խաղաղ չէր. կարծում եմ, ծանոթ եք ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը, նախորդ ամիս այնտեղ գրեթե գլուխ բարձրացրած պատերազմին: Հետևո՞ւմ եք իրադարձություններին:
-Անշուշտ, առաջին իսկ վայրկյանից հետևել եմ արցախյան դեպքերին, կապի մեջ եմ եղել հայաստանում բնակվող բարեկամներիս հետ, իրենց միջոցով տիրապետեցի բոլոր մանրամասներին: Ես և ընտանիքս միշտ աղոթել ենք մեր ժողովրդի համար: Ցանկացած պատերազմ վատ է, հուսամ, այլևս նման բան չի կրկնվի, ոչ մի մայր արցունքոտ աչքերով չի լինի, իր զավակի մահը չի տեսնի:
-Վերադառնանք մշակութային կյանք… Վստահ եմ, որ հայկական մշակույթին բավարար ծանոթ եք: Կնշե՞ք Ձեր նախընտրած հայկական գեղարվեստական ֆիլմը:
-Շատ եմ հավանում «Կտոր մը երկինք» ֆիլմը, շատ լավն է (ժպտում է):
-Իսկ հայ դերասանների՞ց ում եք առավել հավանում:
-Ֆրունզիկ Մկրտչյանն իսկապես անվանի դերասան էր: Նրա նման դերասանների տեղը դատարկ չթողնելն այնքան էլ դյուրին բան չէ:
-Սիբիլ, շնորհակալ եմ զրույցի համար: Ավարտենք մեր զրույցը տեղեկատվությամբ, թե ի՞նչ նորություններ են սպասվում Ձեր երկրպագուներին:
- Ես ևս շնորհակալ եմ անդրադարձի համար… Ինչ վերաբերում է ստեղծագրծական նորություններին՝ այս պահին չեմ ցանկանա փակագծերը բացել, բայց հուսով եմ՝ անակնկալներ կունենամ շուտով: