19/05/2016 19:09
Ադրբեջանի նպատակն է խեղել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը և իրենց հարմար ձևաչափն ընտրել. Վահրամ Բաղդասարյան
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին չի զարմացնում, որ ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտում է ձեռքբերված պայմանավորվածությունը:
«Գաղտնիք չէ, որ Ադրբեջանին դուր չի գալիս ԵԱՀԿ ՄԽ գործող ձևաչափը, հետևաբար հիմա էլ փորձում է տապալել Վիեննայում ձեռքբերված որոշ պայմանավորվածություններ: Ադրբեջանը բազմիցս է լուտանքներ թափել ՄԽ համանախագահների հասցեին և նորություն չէ, որ չի ցանկանա ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի լիազորությունները», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Նովրուզ Մամեդովի հայտարարությանն, ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ Նովրուզ Մամեդովն հայտարարել է, թե Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունները ընդլայնելու պարտավորություններ չի ստանձնել:
«Նրանք միշտ են հայտարարել, որ ՄԽ այլևս սպառված է, գործող չէ, աշխատող չէ… մենք այդպիսի հայտարարություններ բազմիցս ենք լսել, քանի որ նրանք միտք ունեն ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը խեղել և իրենց հարմար ձևաչափն ընտրել, որտեղ կընդգրկեն Իսրայելին, Թուրքիային և այլ համակիր երկրներին: Իսկ երբ տեսան, որ այդ քայլը չհաջողվեց, նրանք գլխիկոր եկան ու սկսեցին իրենց բանակցությունները: Եթե համաձայնեին՝ ասեին, որ ողջունում են այդ քայլը, բնականաբար, դա կհակասեր իրենց սկզբունքներին, բայց կարծում եմ, որ դա ևս ժամանակավոր բնույթ է կրում, քանի ՄԽ այլ ձևաչափ գոյություն ունենալ չի կարող: Դեռ երկու-երեք ամիս առաջ էլ նրանք այդ նույն ԵԱՀԿ ՄԽ-ի հասցեին ինչ ասես ասում, բայց ստիպված եկան գալ բանակցությունների», - հավելեց պատգամավորը:
Վ.Բաղդասարյանն ընդգծեց, որ թեև ինքն անձամբ Ադրբեջանի առաջին դեմքերից այդպիսի հայտարարություն չի լսել, բայց չի էլ զարմանա, եթե նման հայտարարություններ լինեն: «Իսկ եթե լինեն, ապա նրանք նորից ստիպված են լինելու ծնկաչոք գալ ՄԽ: Նրանք նորից տեսան հայկական բանակի ուժն ու հզորությունը: Այսինքն՝ եթե չգան էլ, մեր զինվորները նրանց կստիպեն գնալ այդ քայլին», - եզրափակեց նա: