19/05/2016 17:11
Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները դատապարտում են Օսմանյան կայսրությունում հույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք», «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն», «Շարժում-88» և «Վերածնունդ» խմբակցությունները Օսմանյան կայսրությունում հույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու մասին հայտարարություն են ընդունել:
Ինչպես հաղորդում է ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը, հայտարարության մեջ ասվում է.
«Հիմք ընդունելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները եւ ցեղասպանությունը դիտարկելով որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն, համոզված լինելով, որ ցեղասպանությունների ճանաչումը եւ դատապարտումը թույլ կտա կանխել նոր ոճրագործությունները, արձանագրելով հայ եւ հույն ժողովուրդների դարավոր բարեկամությունը եւ համերաշխություն հայտնելով Արցախի Հանրապետության հունական համայնքին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները դատապարտում են Օսմանյան կայսրությունում հույների հանդեպ իրականացված ցեղասպանությունը»: