19/05/2016 12:34
Վստահության մեխանիզմների ներդրումը կնպաստի ղարաբաղյան խնդրի խաղաղ հանգուցալուծմանը. Օհանյան
Լեռնային Ղարաբաղի խնդրով բանակցային գործընթացում հաջողություններ հասնելու առաջին նախապայմանը համապատասխան իրավիճակ ստեղծելն է, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Այսինքն՝ պետք է ստեղծվեն վստահության մեխանիզմներ, որոնք պետք է ձևավորվեն երկու ուղղությամբ: Առաջինը՝ պետք է զերծ մնան բոլոր տիպի խախտումներից՝ կրակոցներ, դիվերսիոն հետախուզական գործողություններ, իսկ երկրորդը՝ միջազգային հետաքննության մեխանիզմների ներդրումն է, որոնք հնարավորություն կտան պարզել, թե որ կողմն է խախտում պայմանավորվածությունը», - կառավարությունում լրագրողներին ասաց Ս.Օհանյանը:
Նախարարն ընդգծեց, որ հայկական կողմը միշտ կողմնակից է եղել մեխանիզմների ներդրմանը, և Վիեննայում կայացած հանդիպմանը ևս մեկ անգամ խոսք է գնացել այդ մասին:
«ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը բազմաթիվ անգամ է կրկնել, որ հայկական կողմերը դրան կողմնակից են, իսկ թե հակառակ կողմն ինչպես է դրան վերաբերվում, դեռ կտեսնենք: ՀՀ ԶՈՒ՝ ի դեմս ԼՂՀ ՊԲ-ի, բազմաթիվ անգամներ դադարեցրել են կրակը, սակայն Ադրբեջանը միշտ էլ խախտել է դրանք: Անգամ հայկական կողմը այդ խախտումների վերաբերյալ հետաքննություններ է անցկացրել և դրանց արձանագրությունները ներկայացրել միջազգային հանրությանը: Գտնում եմ, որ ցանկացած վեճի արդյունքում խաղաղ լուծման համար պայմաններ ստեղելու նախապայմանը՝ վստահության մեխանիզմների ստեղծումն է», - ասաց Ս.Օհանյանը: