20/05/2016 17:28
Կորցրած հողերը մեզ համար ռազմավարական նշանակություն չունեն. Վահրամ Բաղդասարյան
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը համամիտ չէ այն տեսակետի հետ, թե Հայաստանը տարածքներ հանձնելու քաղաքականություն է վարում, իսկ նման մտքեր արտահայտողներին հորդորում է զգուշավորություն ցուցաբերել ու մտածել բոլոր հետևանքների մասին:
«Մենք հող չենք կորցրել, իսկ եթե կորցրել ենք, ապա պետք է հասկանանք՝ ինչ են դրանից շահել նրանք, իսկ եթե դա հետ վերցնենք, դրանից մենք ինչ կկորցնենք: Ինձ թվում է, որ այդ հարցին պետք չէ այնպիսի նշանակություն տալ, որ այդ ամեն ինչը հետ վերադարձնելը մեկ-երկու օրվա խնդիր է: Մենք պետք է ընկալենք ու հասկանանք դրա արդյունքներն ու հետևանքները, որոնց մասին էլ պետք է մտածել», - ասաց Վ.Բաղդասարյանը:
ՀՀԿ ղեկավարը չի հերքել, որ թշնամուն հաջողվել է մեկ-երկու դիրք գրավել, բայց կարծում է, որ դրանք հայկական կողմի համար ընդհանրապես որևէ ռազմավարական նշանակություն չունեն:
«Ինձ թվում է, որ պետք չէ ծանրանալ այդ խնդրի վրա և մենք պետք է մեր ուշաադրությունը սևեռենք այդ գործընթացի հենց այս փուլի վրա», - ավելացրեց նա:
Լրագրողի դիտարկմանը՝ հենց այդ կտորի պատճառով է, որ Թալիշը չի բնակեցվում, պատգամավորն արձագանքեց. «Անկախ այդ հանգամանքից, միևնույն է նույն իրավիճակում չենք կարող լինել՝ եթե անգամ այդ դիրքերը հետ վերցվեն: Նույն իրավիճակում չենք կարող լինել, եթե նույնիսկ հրադադարի ռեժիմը խիստ պահապանեն: Այդ վտանգը չի կորի, քանի դեռ մենք գործ ունենք Ադրբեջանի հետ»:
Վ.Բաղդասարայանն ընդգծեց նաև, որ այն ճանապարհը, որն այսօր որդեգրել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու հայկական երկու կողմերը, հարցը կարգավորում է բացառապես խաղաղ պայմաններում: «Իսկ եթե այդ կամքը չդրսևորվի, անկախ ամեն ինչից՝ այդ հողերը մենք նորից պետք է հետ վերցնենք, այդ թվում՝ Թալիշի այդ հատվածը», - եզրափակեց նա: