20/05/2016 12:52
Նախագահ. Հույս ունեմ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները հետևողական կլինեն որոշումների իրականացմանը
Վիեննայում պայմանավորվածություն է ձեռք բերվել զինադադարի ռեժիմի խախտումների մշտադիտարկում անցկացնելու և միջադեպերի հետաքննության մեխանիզմ ներդնելու վերաբերյալ: Այս մասին այսօր՝ ընդունելով ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանրապետության նախագահը ողջունել է ՌԴ կառավարության ղեկավարին Եվրասիական միջկառավարական խորհրդի երևանյան նիստի շրջանակներում և հույս հայտնել, որ այն կնշանավորվի իր արդյունավետությամբ:
«Անցած անգամ Ձեր պաշտոնական այցի ժամանակ մենք քննարկեցինք մեր օրակարգի առավել արդիական և զգայուն հարցերը: Կարծում եմ, որ այսօր մենք կշարունակենք այդ զրույցը, քանի որ այն ժամանակ, իրոք, բարդ ժամանակաշրջան էր մեր տարածաշրջանի համար, որը ստեղծվել էր Ադրբեջանի կողմից 1994-95թթ. պայմանագրերի կոպտագույն խախտումների պատճառով», - ասել է նախագահը:
«Մենք, իհարկե, մեր կողմից կանենք ամեն ինչ, որպեսզի այդ խախտումները չլինեն, և հուսով եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարները հետևողականորեն կիրականացնեն այն որոշումները, որոնք մենք համատեղ ընդունել ենք», - ասել է Սերժ Սարգսյանը: