20/05/2016 20:06
Գեղանկարչուհի Նազիկ Ասլանյանի «Արևն» ու «Ծաղիկը»՝ Ժամանակակից արվեստի թանգարանում (Տեսանյութ)
Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանն այսօր հյուրընկալեց գեղանկարչուհի Նազիկ Ասլանյանի արվեստի սիրահարներին: Տարբեր խորագրերից բաղկացած 2016 թվականի նրա անդրանիկ ցուցահանդեսը ավանդական բացման խոսքով չսկսվեց. ցուցասրահի դռները բացվելուն պես մարդիկ շտապեցին դեպի կտավները:
Կյանքի փիլիսոփայությունը փնտրող նկարչուհին այս անգամ ներկայացել էր վերջին տարիների իր՝ շուրջ 40 աշխատանքով:
«Ես էությունը, բովանդակությունը, կարծես, բնության մեջ եմ փնտրում: Այդ գաղափարները, մտքերը վերակերպվում ու դառնում են գեղանկարչական շարքեր: Շարքերի տեսքով ներկայացված թեմաները, շուրջ 15 տարի է, իմ ստեղծագործություններում ապրում են իրենց բնականոն զարգացումը»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց Ն. Ասլանյանը:
«Արևն» ու «Իրականությունը», «Բնապատկերն» ու նրանում տեղ գտած «Ծաղիկը» տարբեր գաղափարներ են արտահայտում՝ ստիպելով իրենց յուրովի կյանք տալ:
«Տարբեր ցուցահանդեսներում ես շատ եմ խոսել «Արևի» շարքի մասին, որը լույսի և հավերժության իր գաղափարով, կարծես, առանցքային տեղ է գրավում իմ արվեստում: Այստեղ ներկայացրել եմ նոր շարք՝ նոր գեղանկարչական լուծումներով և մոտեցումներով: «Իրականությունն» աբստրակտ նկարների շարք է, որում պատկերված են զգացմունքների, մտքերի կերպարներ: Այդ մտքերն ու զգացմունքները շատ ավելի մեծ դեր ունեն, քան այն, ինչ տեսնում ենք: Կարծես, պատկերում եմ բովանդակությունն՝ առանց ձևի, էությունն՝ առանց կաղապարի: Իսկ «Բնապատկեր» շարքն առաջին անգամ եմ ներկայացնում: Բնության պարզությունը, շունչն արտահայտող պատկերներ են այստեղ: Կարծես, արտահայտել եմ բնության պարզության մեջ գոյություն ունեցող հզորությունը: «Ծաղիկ» շարքն էլ ինքնին բնության այդ փոքր մասնիկի հզորության շեշտադրումն է»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը:
Ցուցասրահում ներկա էին նաև մասնագետներ, ովքեր եկել էին ոչ միայն գնահատող աչքով նայելու, այլև՝ հիանալու երիտասարդ գործընկերուհու աշխատանքներով:
«Տարիներ շարունակ ես հետևում եմ Նազիկ Ասլանյանի ստեղծագործություններին: Նկատելի է, որ նա, պահելով իր համոզմունքները, շատ հետաքրքիր բացահայտումներ է անում և առաջ գնում: Այն, ինչ նա անում էր 5-10 տարի առաջ և այն, ինչ անում է այսօր, անկասկած, միայն իրենն է, իր հոգուց է գալիս: Երբեք չեք շփոթի նրա ստեղծագործությունները մեկ այլ նկարչի ստեղծագործությունների հետ: Գնում է շատ ավելի մեծ բացահայտումների, ավելի մեծ համարձականության, զարմանալի է, թե իր ներսում ինչպիսի եռանդ, կիրք կա: Իր գործերի մեջ այնպիսի ուժ կա, որ երբեք չես կարող համեմատել իր արտաքինն ու ստեղծած աշխատանքները: Իրեն տեսնում ենք շատ նազիկ, նազենի, բայց մեծ ուժով»,-Aysor.am-ի հետ զրույցում խոստովանեց Հայաստանի նկարիչների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կարեն Աղամյանը:
Մանկավարժական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Բաբկեն Վարդանյանն էլ նկարչուհուն որակեց որպես ինքնատիպ ժանրի կրող:
«Նա կարողացել է գույների միջոցով արտահայտել մեծ, համամարդկային զգացումներ: Այսպիսի արվեստի ցուցադրումներ պետք է հաճախակի կազմակերպվեն, որպեսզի կարողանաս ըմբռնել: Մինչև հիմա մենք իրականությամբ տոգորված մարդիկ ենք եղել և ցանկացել ենք, որ ամեն ինչ նման լինեն միմյանց: Այսպիսի գունային մտածողությունը հայ կերպարվեստում իր արժանի տեղն ունի և Նազիկ Ասլանյանն այդ ժանրի ռահվիրաններից մեկն է: Շնորհակալ ենք, որ ստեղծել է այսպիսի հետաքրքիր գունաշխարհ»,-ընդգծեց նա:
Ժամանակակից արվեստի թանգարանում գեղանկարչուհի Նազիկ Ասլանյանի աշխատանքներին կարելի է ծանոթանալ մինչև հունիսի 5-ը: