21/05/2016 16:02
Որևէ երաշխիք չկա, որ Ադրբեջանը նույն ագրեսիան չի շարունակի. Վահրամ Բաղդասարյան
Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հստակ չի կարող ասել՝ հունիսին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն, թե՝ ոչ:
«Միայն ժամանակը և Ադրբեջանի հետագա գործողությունները ցույց կտան՝ այդ հանդիպումն ի՞նչ ձևաչափ կունենա, կամ այն տեղի կունենա, թե՝ ոչ», - Aysor.am-ի թղթակցին ասաց Վ.Բաղդասարյանը:
Նրա խոսքով, մինչև հունիսը դեռ բավականին ժամանակ կա, պետք է զինվել համբերությամբ և «լուռ հետևել զարգացող քաղաքական գործընթացներին ու Ադրբեջանի կողմից իրականացվող քայլերին»:
«Քանի որ գործ ունենք անկանխատեսելի թշնամու և անկանխատեսելի մարդու հետ, որին բնորոշ է ռազմական հանցագործ լինելը, ոչ մի երաշխիք չկա, որ Ադրբեջանը չի շարունակի իր ագրեսիվ գործողությունները: Ադրբեջանը միշտ է դրժում իր տված խոստումները և ասել՝ այդ հանդիպումը կկայանա, դժվարանում եմ: Ես ինչպե՞ս կարող եմ հավատալ բռնապետ Ալիևին, եթե նա իր խոստումը ոչ մի անգամ չի պահել»,- ասաց Հանրապետական խմբակցության ղեկավարը:
Վ.Բաղդասարյանն ընդգծեց նաև, որ հայկական կողմը բազմիցս է տեսել, թե ինչպես է Ադրբեջանը յուրաքանչյուր հանդիպմանը խոսում պայմանավորվածությունների մասին, իսկ հետագայում կոպտորեն խախտում՝ անտեսելով ու մոռանալով դրանք բոլորը:
«Ադրբեջանի գործողությունները կանխատեսելի չեն, հետևաբար վաղօրոք որևէ երաշխիք տալ, որ հանդիպում կկայանա, չենք կարող: Որևէ երաշխիք չկա նաև, որ Ադրբեջանը նույն ագրեսիան չի շարունակի: Նա միշտ էլ խախտում է բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվում ԵԱՀԿ համանախագահության հետ տարբեր հանդիպումների ժամանակ», - հավելեց նա:
Բացի այդ՝ խորհրդարանական մեծամասնության ղեկավարը հիշեցնում է, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայում կայացած հանդիպմանը հստակ շեշտել է, որ հաջորդ հանդիպման մասին կարող են խոսել միայն այն ժամանակ, երբ սահմանում համապատասխան հետաքննության մեխանզիմներն արդեն ներդրված կլինեն:
«Միայն այդ դեպքում հայկական կողմը կհավատա Ադրբեջանին ու պայմանավորվածություններ ձեռք կբերի հունիսին կայանալիք հանդիպման տեղի ու ժամկետների վերաբերյալ: Մենք կհետևենք մեր խոսքի ու գործի հաջողությանը: Համենայն դեպս, այս պահի դրությամբ միակ երաշխիքը կլինի դա, ինչը նաև հիմք կհանդիսանա հետագա հանդիպումների համար», - ընդգծեց նա:
Վ.Բաղդասարյանը շեշտեց նաև, որ Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ այն երեք հարցերը, որոնց մասին բարձրաձայնել է ՀՀ նախագահը, Ադրբեջանի համար եղել են ընդունելի:
«Այս անգամ տպավորությունն այնպիսին է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը համոզված է, որ այդ արդյունքը տեսանելի կլինի: Այո, մենք բազմիցս ենք ասել և հիմա էլ կրկնում ենք, որ մեր նպատակը խաղաղ բանակցային գործընթացն է, որը պետք է վերջնական ավարտին հասցվի: Հակառակ պարագայում, եթե Ադրբեջանի համար փոխվեն խաղի կանոնները, մենք ևս պարտավոր ենք փոխել դրանք և համապատասխան միջոցներ ձեռնարկել: Մենք պատրաստ ենք ամեն ինչի: Եվ, եթե Հայաստանն իր բոլոր պայմանավորվածությունները պահում է, ապա Ադրբեջանը նույնպես պարտավոր է դրանք պահել: Հիմա եկել է Ադրբեջանի գործելու հերթը: Իսկ մենք կհետևենք մեր առաջարկությունների կատարմանն ու քաղաքական հետագա զարգացումներին, կտեսնենք ու կհասկանանք, թե որքանով են դրանք ընդունելի եղել, և որքանով Ադրբեջանը կարողացավ դրանք պահել», - ասաց Վ.Բաղդասարյանը:
«Կարող եմ միայն ասել, որ Ադրբեջանն այլընտրանք չունի: Հակառակորդը ստիպված ու պարտավոր է կատարել այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ստանձնել է Վիեննայում կայացած հանդիպմանը: Ադրբեջանը բազմիցս է ասել, որ ինքը պատերազմ չի ուզում, որ ինքը խաղաղ բանակցությունների կողմնակից է: Հիմա մնում է դա ապացուցել: Իսկ եթե հանկարծ չհամաձայնի նաև այս պայմանավորվածությունների հետ, այս անգամ կդառնա նաև ագրեսոր: Իսկ մեզ կմնա միայն համեմատել Ադրբեջանի խոսքի ու գործի արժեքը, արդյոք դրանք համապատասխանում են մեկը մյուսի հետ, թե՝ ոչ», - նշեց նա: