21/05/2016 11:04
Բակո Սահակյան. Հայաստանում և Արցախում կան կայացած ու լիարժեք գործող կուսակցություններ
Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ ֆորումի անցկացումն Ստեփանակերտում կարևոր է և պահանջված, հատկապես՝ ներկա ժամանակահատվածում: Ստեփանակերտում Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ ֆորումի ժամանակ ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունից:
«Մեր կուսակցություններին բնորոշ է մի կարևոր յուրահատկություն. ունենալով տարբեր նպատակներ ու ծրագրեր, անդամներ ու համախոհներ՝ ճակատագրական և վճռորոշ պահերին նրանք կարողանում են համախմբվել համազգային գաղափարների շուրջ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում ու Սփյուռքում և միասնական ուժերով լուծել առկա խնդիրները:
Այդպես էր նաև ապրիլյան պատերազմի օրերին, երբ հայկական քաղաքական ուժերը դրսևորեցին սկզբունքային դիրքորոշում, ցուցաբերեցին օրինակելի միասնականություն, համախմբեցին հասարակությանը Արցախին սատարելու, մեր ժողովրդի և պետության անվտանգությունը թշնամու նենգ ոտնձգություններից պաշտպանելու համար»,- ասել է Բակո Սահակյանը:
Նրա խոսքով՝ մեծ է քաղաքական կուսակցությունների դերը ժողովրդավարական երկրների կյանքում: Հայաստանում և Արցախում ունենք կայացած ու լիարժեք գործող կուսակցություններ:
«Սփյուռքում գործում են մեր ավանդական կուսակցությունները, որոնք քաղաքական գործունեության հետ մեկտեղ մեծ աշխատանք են տանում նաև հայ ազգային ինքնության պահպանման և հայրենիքի հետ կապերի ամրապնդման ուղղությամբ: Դա լավ հնարավորություն է ստեղծում Հայաստան-Արցախ-Սփյուռք միջկուսակցական համագործակցության համար:
Մեկ անգամ ևս կարևորելով կուսակցությունների դերը մեր հասարակական, քաղաքական կյանքում և պետականաշինության գործընթացում՝ ուզում եմ ողջունել Հայաստանի հանրապետական կուսակցության նման նախաձեռնությունը և ֆորումի բոլոր մասնակիցներին մաղթել ակտիվ ու արդյունավետ աշխատանք»,- ասված է նրա ուղերձում: