21/05/2016 11:46
Էդվարդ Նալբանդյան. Եվրոպայի խորհուրդ պետք է պայքարի այլատյացության ու ատելության քարոզչության դեմ
Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է, և այդ ձևաչափից կարգավորման գործընթացը դուրս բերելու փորձերը կարող են միայն խափանել հիմնահարցի խաղաղ, բանակցային հանգուցալուծումը, գրել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 15-ամյա հոբելյանին նվիրված իր հոդվածում, փոխանցում է ԱԳՆ կայքէջը:
«Չի կարելի թերագնահատել հակամարտության գոտիներում բնակվող մարդկանց համար միջազգային կազմակերպությունների, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների դերակատարությունը։ Ի վերջո հենց մարդու իրավունքների համընդհանուր պաշտպանությունն ու հարգանքն է ընկած շատ հակամարտությունների լուծման առանցքում։ Այս առումով Եվրոպայի խորհուրդը կարևոր առաքելություն պետք է իրականացնի», - գրել է նախարարը։
Է.Նալբանդյանը ընդգծել է, որ Եվրոպայի խորհուրդը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, ինչի մասին բազմիցս հայտարարել են ԵԽ գլխավոր քարտուղարը, Նախարարների կոմիտեն։
«Այս առումով չեմ կարող չանդրադառնալ ԵԽԽՎ որոշ պատգամավորների ապակառուցողական նախաձեռնություններին։ Քանի որ բազմիցս առիթներ ունեցել եմ ներկայացնելու մեր տեսակետը, կսահմանափակվեմ միայն ևս մեկ անգամ ընգծելով, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է, և այդ ձևաչափից կարգավորման գործընթացը դուրս բերելու փորձերը կարող են միայն խափանել հիմնահարցի խաղաղ, բանակցային հանգուցալուծումը։ Այս իրական վտանգի մասին բարձրաձայնել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրները», - գրել է արտգործնախարարը:
Է.Նալբանդյանը նշել է, որ Եվրոպայի խորհուրդն այսօր, ավելի քան երբևէ, պետք է պայքարի այլատյացության, խտրականության երևույթների ու ատելության քարոզչության, մարդու իրավունքները ոտնահարող աղաղակող փաստերի դեմ և հետևողական լինի այն բոլոր դրսևորումների պարագայում, որոնք վտանգում և մարտահրավեր են նետում իր հիմնարար արժեքներին, ինչը կարող է կանխարգելիչ դեր խաղալ իրավիճակների հետագա լարման և նոր ճգնաժամերի կանխման համար։
«Գնահատելի է նախորդ տարի ապրիլին ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի այցը Հայաստան և նրա մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հրավիրված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին, որտեղ նա հանդես եկավ ելույթով։ Կառույցի խորհրդարանական վեհաժողովն էլ իր հերթին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունեց հայտարարություն, որին միացավ շուրջ երկու հարյուր պատգամավոր», - գրել է Էդվարդ Նալբանդյանը։
Հայստանի արտգործնախարարը ամփոփելով Եվրոպայի խորհրդում Հայաստանի անդամակցության տասնհինգ տարիները, ընդգծել է, որ այդ ընթացքում Հայաստանում իրականացվել են բարեփոխումներ և եվրոպական արժեհամակարգի որդեգրման ուղղությամբ իրականացվել են աշխատանքներ Եվրոպայի խորհրդի հետ մշտական ու սերտ համագործակցության համար, ինչպես նաև եղել է կազմակերպության կառույցներում Հայաստանի ակտիվ ու արդյունավետ ներգրավվածություն։
«Համոզված եմ, որ այս բեղմնավոր փոխգործակցության ավանդույթները կշարունակեն ամրապնդվել և ընդլայնվել», - գրել է Հայաստանի ԱԳնախարար Էդվարդ Նալբանդյանը։