21/05/2016 11:23
Սերժ Սարգսյան. Ուժեղ պետությունը պետք է ունենա ուժեղ բանակ և ժամանակակից տնտեսական համակարգ
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետագա ամրապնդման համար կարևոր են հետագա ժողովրդավարացման, պետական կառավարման համակարգերի արդյունավետության բարձրացման, մարդու իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված հետևողական և համակարգված ջանքերը, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով, այդ նպատակների հիմնական իրագործողները քաղաքական կուսակցություններն են:
Արցախում մեկնարկած հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ համաժողովի մասնակիցներին ուղղված խոսքում, նախագահ Սարգսյանը նշել է, որ նման ձևաչափը քաղաքական կուսակցություններին հնարավորություն կընձեռի ներկուսակցական դիրքորոշումների հիման վրա ամրագրել նաև միասնական համազգային դիրքորոշումեր:
«Տեղյակ եմ, որ համաժողովի մասնակցության հրավերին արձագանքել են քաղաքական ուժեր, քաղաքական գործիչներ, որոնք ունեցել են և ունեն տարբեր հայացքներ, տարբեր մոտեցումներ զանազան հարցերի շուրջ, սակայն պատրաստակամություն են հայտնել միասնաբար նախանշել ուղիներ հասարակության ներսում քաղաքական կուսակցությունների գործունեության, տեղեկատվության, քաղաքացիական հասարակության ու արտաքին կապերի, Լեռնային Ղարաբաղի խնդրին առնչվող և մի շարք այլ հարցերի վերաբերյալ», - ասել է նախագահ Սարգսյանը:
Նրա խոսքով, շաբաթներ առաջ Լեռնային Ղարաբաղի սահմանագծում ընթացող ռազմական գործողությունները հերթական անգամ ապացուցեցին համազգային միասնականության ներուժը:
«Ուժեղ պետությունը պետք է ունենա ուժեղ բանակ և ազգային արժեհամակարգի հենքի վրա գործող ժամանակակից քաղաքական, հասարակական և տնտեսական համակարգեր», - ասել է Հայաստանի նախագահը: