21/05/2016 21:40
Յուրաքանչյուր այցելու կարող է հայտնվել հենց նրանց դերում. Արևիկ Ալավերդյանը՝ Ֆրանսիայում թանգարանային մշակույթի մասին
Բոլոր ժամանակների գաղտնիքներն ու ավանդույթները, քաղաքական, մշակութային ու ռազմական անհատների մասին պատմություններն ամփոփված են թանգարաններում: Բոլոր նրանց, ովքեր ունեն ժամանակի, կամ գուցե ֆինանսի խնդիր՝ տարին մեկ անգամ՝ թանգարանային գիշերների շրջանակներում, հնարավորություն է տրվում թանգարաններ այցելել անհավանական ժամի՝ անվճար. մայիսի 21-ին, ժամը 18:00-ից 24:00-ն:
«Այստեղ նույնպես լինում են թանգարանային բաց դռների օրեր. յուրաքանչյուր ամսվա առաջին երկուշաբթի օրը թանգարաններ այցելությունն անվճար է: Դեռ շատ թանգարաններ կան, որոնցում չեմ եղել, ծրագրել եմ՝ ժամանակի ընթացքում անպայման այցելել»,-Aysora.am-ի հետ զրույցում նշեց վերջին տարիներին Ֆրանսիայում բնակվող երգչուհի Արևիկ Ալավերդյան-Շահբազյանը:
Մշակութային արժեքները գնահատող երկրում թանգարանների պակաս չի նկատվում: «Գիտեք, այստեղ այնքան շատ են պատմությունն ամփոփած օջախները, ամրոց տուն-թանգարանները, որտեղ թագավորներ են ապրել: Յուրաքանչյուր այցելու կարող է հայտնվել հենց նրանց դերում, տեսնել, թե ինչպես և որտեղ են ապրել», - մանրամասնեց նա:
Հայաստանում գտնվելու տարիներին վերջին անգամ երգչուհին թանգարան է այցելել դպրոցահասակ տարիներին, սակայն վերադառնալուն պես մի նպատակ ունի. «Շատ մեծ ցանկություն ունեմ լինել Կոմիտասի տուն-թանգարանում: Որոշել եմ՝ երբ գամ, առաջինն այնտեղ եմ գնալու: Իսկ այստեղ վերջին անգամ ցուցասրահ գնացել եմ երեք շաբաթ առաջ: Հյուրեր ունեի, որոնց հետ սիրով շրջեցի թանգարաններով»:
Նորաձևության քաղաքում ապրող և նորաձևությանը խստորեն հետևող երգչուհին շատ է ցանկանում, որ երևանյան թանգարանների ցանկին ավելանա ևս մեկը: «Փարիզում կա նորաձևության թանգարան: Հիանալի վայր է, որտեղ շատ հաճախ լինում են նաև նորաձևության ցուցահանդեսներ: Գուցե նման մեկ բան էլ Երևանում ստեղծվեր, թեկուզ ապագայում… Շատ կցանկանայի», - Aysor.am-ի հետ զրույցն ավարտելով՝ ժպիտով խոստովանեց Ալավերդյանը: