23/05/2016 11:24
Բաքուն փոխում է դիրքորոշումը. Ադրբեջանը կողմ է Կասպշիկի լիազորությունների ընդլայնմանը
Ադրբեջանը դեմ չէ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի՝ Անջեյ Կասպշիկի լիազորությունների ընդլայնմանը, հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Մենք արդեն ասել ենք, որ դեմ չենք այդ առաջարկին: Այս հարցում հիմնական միտքը այն է, որ պահպանվի հրադադրի ռեժիմը: Դրա համար պետք է ընդլայնվի մանդատը և մենք արդեն իսկ ասել ենք, որ կողմ ենք այդ առաջարկին», - ասել է Ն.Մամեդովը։
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը հայտարարել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով:
«Այսօր բոլորը հասկանում են, որ Լեռնային Ղարաբաղի հարցը վաղ թե ուշ լուծվելու է, և դա լինելու է խաղաղ և բանակցային ճանապարհով», - հայտարարել է Ն.Մամեդովը:
Ավելի վաղ, սակայն, Ն.Մամեդովը ANS-ին տված հարցազրույցում դեմ էր արտահայտվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գրասենյակի լիազորությունների ավելացմանը:
«Անջեյ Կասպշիկի լիազորություններում առարակայական փոփոխություններ չեն կարող լինել: Հայտարարության մեջ ասվածը Մինսկի խմբի դիրքորոշումն է, մենք այս հարցում որևէ պատասխանատվություն չենք վերցրել մեզ վրա», - ասել էր նա:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայում կայացած հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հայտարարել էին, որ «նախագահները (Հայաստանի և Ադրբեջանի - Aysor.am) համաձայնել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման շուրջ»: