23/05/2016 18:40
Հայաստանն անելու է առավելագույնը Վիեննայի համաձայությունները կյանքի կոչելու համար
Հայաստանը համանախագահ երկրների հետ միասին անելու է առավելագույնը` կյանքի կոչելու Վիեննայում ձեռք բերված համաձայնությունները, ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Եվրոպական միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների 7-րդ հանդիպմանը:
«Անելու ենք առավելագույնն ու շարունակելու ենք ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը», - ասել է Է. Նալբանդյանը:
Ըստ նրա՝ Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև անցյալ շաբաթ կայացած հանդիպումը արդյունավետ էր՝ հստակ համաձայնություններով և հանձնառություններով.
«Ցավոք, հանդիպումից ընդամենը օրեր անց ադրբեջանական պաշտոնյաները դրա արդյունքը կասկածի տակ դնող ապարդյուն փորձեր են կատարում` ներկայացնելով իրենց սեփական խեղաթյուրված մեկնաբանությունները, որոնք հակասում են հանդիպման արդյունքների վերաբերյալ համանախագահ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից արված համատեղ հայտարարությանը», - ասել է Նալբանդյանը:
Նա ընդգծել է՝ Բաքուն շինծու մեղադրանքներով փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը ադրբեջանական զինուժի կողմից գործած հանցագործություններից.
«Նրանք փորձում են շեղել ուշադրությունը Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումների աղաղակող փաստերից», - ամփոփել է ՀՀ արտգործնախարարը: