23/05/2016 12:11
Սեյրան Օհանյան. Կորցրած 800 հա տարածքների հարցը կընդգրկվի բանակցություններում
Ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրած 800 հա տարածքի հարցը, հավանաբար, կդառնա բանակցության առարկա, հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Մարտական գործողությունների ժամանակ թե պաշտպանողական, թե հարձակողական, լինում է զորքերի այդ տեղաշարժը: Թաքցնելու բան չկա, եղել է զորքերի որոշակի տեղաշարժ: Պաշտպանության բանակի ողջ անձնակազմը իր առջև դրված խնդիրը կատարել է: Ինչ վերաբերվում է այդ տարածքներին, դրանք ամրագրված են ԼՂՀ սահմաններում և, կարծում եմ, բանակցային գործընթացում համապատասխան ընթացք կդրվի, որը կվերաբերի նաև այդ տարածքներին», - Երևանում մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանի բացման արարողության ժամանակ լրագրողներին ասաց Ս.Օհանյանը:
Անդրադառնալով ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի աղմկահարույց հայտարարությանը, Ս.Օհանյանը նշեց. «Ինչպես մենք չենք մոռանում մեր մյուս պատմական տարածքները, այնպես էլ չենք մոռանալու սրանք»:
«Հենց դրա համար է, որ ստեղծել ենք համապատասխան դիրքային պաշտպանություն և այդ հատվածներում թե կրակային վերահսկողությունը, թե ազդեցությունը ԼՂՀ ՊԲ ձեռքերում է», - նշեց նախարարը: