23/05/2016 15:16
Արայիկ Հարությունյան. Արցախի կառավարությունը անցնում է խնայողության առավել խիստ ռեժիմի
Լեռնային Ղարաբաղի կառավարությունը անցնում է խնայողության առավել խիստ ռեժիմի և քիչ ծախսատար պետական կառավարման, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը:
«Մենք արդեն հայտարարել ենք բյուջեն վերանայելու անհրաժեշտության մասին և այդ ուղղությամբ քայլեր ենք ձեռնարկում: Փորձելու ենք փոխել», - հայտարարեց Ա.Հարությունյանը:
Նա նշեց, որ այդ քայլին գնալու անհրաժեշտությունը առաջացել է քառօրյա պատերազմից հետո, ինչի արդյունքում՝ ԼՂՀ «փխրուն» տնտեսությունը բավական վնասներ է կրել:
«Հանձնարարական կա և պետք է աշխատենք ծախսերի կրճատման ուղղությամբ», - ասաց Արցախի վարչապետը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ, ինչ քայլեր են անելու:
Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին, Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ իրենք միշտ պայքարում են կոռուպցիայի դեմ:
«Այս պայքարում կարծում եմ որոշակի շոշափելի հաջողություններ ունենք: Դա աընդհատ գործընթաց է և պետք է միշտ պայքարել, երբ ինչ որ բացթողում ենք ունենում, միանգամից նման երևույթներ (կոռուպցիա – Aysor.am) ձևավորվում են», - ասաց ԼՂՀ վարչապետը: