23/05/2016 21:56
Դրսում ապրող հայ հայտնիները՝ Ջոնի Կարապետյանի «Պանդուխտ հայեր» տեսահոլովակում
Որքան էլ կյանքը անհոգ ու հարուստ լինի հայրենիքից դուրս, միևնույն է՝ պանդխտության զգացումը ապրում է օտարության մեջ ապրող յուրաքանչյուր հայի սրտում: Դրա վառ ապացույցներից է վերջին շրջանում Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող երգիչ Ջոնի Կարապետյանի նոր՝ «Պանդուխտ հայեր» երգն ու տեսահոլովակը, որում իր մասնակցությունն է ունեցել հայ արվեստագետների մի ստվար հատված՝ Լևոն Շարաֆյան, Ռազմիկ Մանսուրյան, Ձախ Հարութ, Արա Թորոսյան, Արմենչիկ և այլոք:
«Երգը ծնվել է նրա արդյունքում, որ ես վերջին երկու տարիներին գտնվում եմ Հայաստանից հեռու: Այստեղ պանդխտության զգացողությունը մեծ է: Նկարահանվել են Լոս Անջելեսում բնակվող հայ տաղանդավոր և սիրված մարդիկ՝ երգիչներ, դերասաններ, հաղորդավարներ: Նկարահանումներն անցել են շատ լավ, կազմակերպված մթնոլորտում: Բոլորը համախմբվեցին այս նախագծի շուրջ, ով էլ չի մասնակցել նկարահանմանը՝ զուտ ժամանակի խնդիր է եղել», - Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց երգիչը:
Նկատառմանը, որ երգն ավարտվում է «Եկեք մի օր մենք բոլորով վերադառնանք Հայաստան» կոչով, և հարցին, թե արդյոք երբևէ այդ կոչն իրականություն կդառնա՝ մեր զրուցակիցը պատասխանեց.
«Կարծում եմ, դրսում ապրող յուրաքանչյոր հայ ամեն օր այդ մասին է մտածում: Վստահ եմ, կգա այն օրը, երբ բոլորը Հայաստանում կապրեն: Ի վերջո, ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ապացուցվեց, որ հայերը նման պահերին համախմբվում են: Իսկ երբ մենք համախմբվում ենք, դառնում ենք անպարտելի: Թող մի օր Հայաստանում այնքան լավ լինի, որ աշխարհի բոլոր հայերը վերադառնան»:
Խոսքերի և Երաժշտության հեղինակը Ջոնին է, տեսահոլովակը նկարահանել է Արթուր Մանուկյանը: