24/05/2016 21:58
Կունենա՞ «Սահմանին» սերիալը նոր եթերաշրջան. տեղեկացնում են սցենարիստն ու հեռուստաընկերության PR մենեջերը
Մայիսի 22-ին՝ կիրակի օրը, Շանթ հեռուստաընկերության եթերում ավարտվեց «Սահմանին» բազմասերիանանոց գեղարվեստական ֆիլմը, որը պատմություն էր մեր օրերի հերոսների և նրանց կատարած սխրանքների մասին: Aysor.am-ը կապ հաստատեց ֆիլմի սցենարիստ Հարություն Ղուկասյանի հետ՝ հետաքրքրվելով՝ արդյոք սա առաջին եթերաշրջանի՞, թե՞ ֆիլմի ավարտն էր:
«Որքանով ես եմ տեղյակ, սա առաջին եթերաշրջանի ավարտն էր: Եթե չեմ սխալվում, «Շանթ» հեռուստաընկերությունը միտված է ֆիլմի երկրորդ եթերաշրջանը նկարահանել: Ավելին ասել չեմ կարող, քանի որ իմ ֆունկցիաների մեջ միայն սցենար գրելն է մտնում», - նշեց մեր զրուցակիցը:
Այնուամենայնիվ, սցենարիստն արդեն աշխատում է նոր սերիաներ գրելու վրա, բայց թե որքանով դրանք կյանքի կկոչվեն՝ բնականաբար, հայտնի չէ:
Բոլոր նրանք, ովքեր հետևել են «Սահմանին» ֆիլմին, նկատած կլինեն, որ նրանում տեղ գտած իրադարձությունները շատ նման էին ապրիլյան քառօրյա դեպքերին. «Ես վստահեցնում եմ, որ սցենարը գրվել է ապրիլյան դեպքերից 5-6 ամիս առաջ, ու հետագայում էլ ոչինչ չի փոփոխվել: Բայց եթե նոր եթերաշրջան լինի, կարծում եմ՝ կանդրադառնանք նաև ապրիլյան պատերազմին, մեր հերոսներին: Տեսնենք, թե ինչ կստացվի», - զրույցը եզրափակեց Հարություն Ղուկասյանը:
Aysor.am-ը վերոնշյալ հարցի շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով կապ հաստատեց նաև «Շանթ» հեռուստաընկերության հետ: «Անկեղծ ասած՝ 2-րդ եթերաշրջան նկարահանելու մտադրություն և մեծ ցանկություն կա, ու մենք մեզանից կախված ամեն ինչ կանենք, որ «Շանթի» աշնանային եթերաշրջանում «Սահմանին»-ի 2-րդ սեզոնը լինի: Եթե, իհարկե, ոչ մի լուրջ բան չխանգարի այս որոշմանը», - տեղեկացրեց հեռուստաընկերության PR մենեջեր Ծովինար Կարապետյանը: