25/05/2016 20:03
Ինչու են Սոֆի Դևոյանը և Լուսին Վարդանյանը դուրս մնացել «Երանի» սերիալից
Ամիսներ առաջ «Կենտրոն» հեռուստաընկերությունը նոր ղեկավարությամբ իր նոր եթերաշրջանը սկսեց «Երանի» սերիալի մեկնարկով, որի սցենարիստն է Անահիտ Մխիթարյանը, ռեժիսորը՝ Վահե Սայանը, պրոդյուսերը՝ Էդգար Ավագյանը: Որքան էլ սերիալում ճանաչված ու սիրված արտիստներ են ներգրավված՝ Հարություն Մովսիսյան, Գոհար Իգիթյան, Գարիկ Չեփչյան, Սոֆի Դևոյան, Շուշաննա Թովմասյան, Լուսին Վարդանյան, այնուամենայնիվ, ասել, որ սերիալը մեծ հաջողություն ունեցավ, սուտ կլինի, քանզի այն սերիալասեր հեռուստադիտողներից քչերին «սովորեցրեց» «Կենտրոն» հեռուստաընկերության տեղը:
Ալինա Մարտիրոսյանի սերիալից դուրս գալուց հետո օրերս նկատելի դարձավ, որ բացակայում են Սոֆի Դևոյանի և Լուսին Վարդանյանի մարմնավորած կերպարները: Կան խոսակցություններ, որ այս դերասաններին ուղղակի ձանձրացրել են կերպարների միապաղաղությունն ու ոչինչ չասող ներկայությունը:
Aysor.am-ը կապ հաստատեց Սոֆի Դևոյանի հետ՝ հետաքրքրվելով սերիալից դուրս մնալու իրական պատճառների մասին:
«Ֆիլմի սցենարն ընթացքում հատուկ փոխվեց, որի արդյունքում սերիալում մեր ընտանիքը՝ ես և իմ աղջիկներին մարմնավորած դերասանուհիները, չենք նկարահանվելու: Պատճառն այն է, որ հիմա շատ հետաքրքիր մի նոր նախագիծ ենք սկսում: Բնականաբար, ֆիզիկապես հնարավոր չէր լինել և՛ այնտեղ, և՛ այստեղ: Շատ լավ ենք պատրաստվում այս նախագծին, վստահ եմ, որ այն բոլորին դուր է գալու»,-մանրամասնեց Սոֆի Դևոյանը:
Նոր սերիալի մասին մանրամասներ չցանկացավ հայտնել, թեև ընդգծեց, որ այս անգամ մայրիկի կերպարում չի նկարահանվելու: Դրական, թե բացասական, դա ևս հայտնի չէ:
«Ամեն դեպքում, այս պրոյեկտում ես «շեշտադրված» մամայի կերպարում չեմ լինելու: Ուզում եմ փոփոխություն լինի, այդպիսի դերերով արդեն շատ հանդես եկա, նոր կերպարս առավել լուրջ է: Չնայած՝ մայրկի դերն էլ լուրջ դեր է… Դեռևս քասթինգ է ընթանում, այդ պատճառով ավելին ասել չեմ կարող: Խոստանում եմ՝ երբ ամեն ինչ պարզ լինի, առաջինը Ձեզ կտեղեկացնեմ»,-Aysor.am-ին ասաց Սոֆի Դևոյանը:
Կամիլային մարմնավորող Լուսին Վարդանյանն էլ սերիալից իր բացակայությունը պայմանավորեց կերպարների նկատմամբ հեռուստադիտողի կողմից ոչ շատ մեծ հետաքրքրություն ցուցաբերելու մեջ: Մեկտեղ ընդգծեց, որ ստեղծագործական թիմի և դերակատարների մեջ ոչ-մի կոնֆլիկտ չի եղել:
«Նախ ասեմ, որ սկզբից շատ լավ սկսեցինք մեր համագործակցությունը, մինչև վերջ էլ հաճույքով ու սրտացավ աշխատեցինք թե՛ ես, թե՛ իմ կողմից շատ սիրված ու հարգված տիկին Դևոյանը, թե՛ սերիալում քույրիկիս մարմնավորող Նոնան: Սկզբում հետաքրքրությունը մեծ էր մեր կերպարների նկատմամբ, բայց հետագայում այս կերպարների ֆունկցիան, կարծեք թե, դարձավ անիմաստ: Ինչ վերաբերում է տարաձայնություններին, ստեղծագործական կազմի, «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրեն Էդգար Ավագյանի հետ շատ մտերիմ ենք, ոչ մի խնդիր չունենք»,-նշեց երիտասարդ դերասանուհին:
Ինչպես մեր նախորդ զրուցակիցը, նա ևս փաստեց՝ կհանդիպենք նոր նախագծում:
«Մեր համագործակցությունն, իհարկե, կշարունակվի նոր նախագծում, քանի որ թե՛ մասնագիտական առումով, թե՛ մարդկային հատկանիշներով հասցրել ենք միմյանց սիրել»,-եզրափակեց Լուսին Վարդանյանը: