25/05/2016 23:31
ԵՄ դեսպան. Հույս ունենք կողմերը կհարգեն Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները
Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հույս ունի, որ ԼՂ հակամարտող կողմերը կհարգեն Վիեննայում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները։
«Հուսով ենք կողմերը կհարգեն ձեռք բերված պայմանավորվածությունները եւ կշարժվեն այդ ուղղությամբ», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե հունիսին բարձր մակարդակով հանդիպում կլինի, թե ոչ։
Դեսպան Պ.Սվիտալսկին մասնակցում էր Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում կազմակերպված Եվրոպայի ժողովրդական կուսակցության 40-ամյակին նվիրված ընդունելությանը։
Մայիսի 16-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքում կողմերի միջեւ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, այդ թվում «համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ»:
Հաջորդ բարձրաստիճան հանդիպումը նախանշվել է հունիսին։