26/05/2016 10:00
Նալբանդյան. ՀՀ ԱԳՆ-ն աշխատում է ԼՂ հակամարտության կողմերի միջև վստահության մեխանիզմերի ձևավորման ուղղությամբ
Հայաստանի արտգործնախարարությունը աշխատում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, կողմերի միջեւ վստահության մեխանիզմերի ձեւավորման ուղղությամբ, հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Այդ ուղղությամբ աշխատում ենք: Երբ արդյունքներ լինեն կհայտնենք», - ասաց Է.Նալբանդյանը լրագրողներին Եվրոպայի ժողովրդական կուսակցության 40-ամյակին նվիրված ընդունելությանը։
Մայիսի 16-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տեղիու նեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքում կողմերի միջև ձեռք է բերվել «համաձայնություն՝ ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ»:
Ինչպես արդեն հայտարարվել է, Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հաջորդ հնարավոր հանդիպումը մեծապես կախված է այս մեխանիզմերի ձեւավորման ընթացքից։ Վիեննայի հանդիպման արդյունքում հունիսն է ընտրվել՝ որպես հաջորդ հանդիպման ամիս։